Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման հետքերով. փորձագետների կարծիք

Ամերիկայի ձայնը զրուցել է վերլուծաբաններ Վեյն Մերրիի ու Լորենս Բրոյերսի հետ՝ Բրյուսելում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպման մասին: Վերլուծաբանները դրական են գնահատում ԵՄ հովանավորության ներքո կայացած հանդիպման փաստը

Արևմտյան փորձագիտական շրջանակները դրական են գնահատում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը Բրյուսելում և այս գործընթացում ԵՄ ունեցած դերակատարությունը: Հիշեցնենք, որ սա Բաքվի ու Երևանի միջև ԵՄ միջնորդությամբ երկրորդ նման բարձր մակարդակի հանդիպումն էր. ԵՄ խորհդի նախագահ Շարլ Միշելի մասնակցությամբ առաջին հանդիպումը կայացել էր անցած տարվա դեկտեմբերին:

Վերլուծաբան Վեյն Մերրին գտնում է, որ դեռևս վաղ է խոսել կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին, սակայն հանդիպումը ԵՄ հարթակում դրական քայլ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ վերլուծաբանի, ԵԱՀԿ Մինսկի խումբը «գործնականում մեռած կառույց է»՝ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների պատճառով:

«Սա այն դեպքն է, երբ ԵՄ-ը ստանձնեց նախաձեռնություն երկու առաջնորդների հանդիպման հարցում, որը նախկինում նախաձեռնում էր Մոսկվան կամ ԵԱՀԿ-ը: Առնվազն, ունենք երկխոսություն՝ բազմակողմ միջազգային ձևաչափի լիազորությամբ»,- ասում է վերլուծաբանը:

Իր հերթին մեկ այլ վերլուծաբան Լորենս Բրոյերսի խոսքով ԵՄ նախաձեռնած հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը չի հակադրվում Ռուսաստանի միջնորդավորված պայմանավորվածություններին և ձևաչափին:

«Մենք այն կարող ենք դիտարկել որպես որոշակի առումով փոխլրացում, որով ԵՄ-ը ձգտում է լրացնել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրերը կառուցողական մրցակցային համատեքստում՝ կողմերին տրամադրելով տարածություն բանակցություններում առաջ շարժվելու համար»,- նշում է նա:

Լորենս Բրոյերսի կարծիքով՝ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին սպառնում են մի շարք վտանգներ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղում կամ դրա շուրջ հնարավոր ռազմական բախումները, բանակցային տարբեր ձևաչափերի հակադրումը միմյանց և նրանց միջև համակարգման բացակայությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անվստահությունն ու թշնամու կերպարի խրախուսումը, որը խաթարում է երկխոսությունը: Վերլուծաբանը կարևորում է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներն ու գլոբալ բևեռացումը:

«Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը ծայրահեղ բևեռացում է առաջացնում Եվրասիայում, որը վտանգում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ինքնիշխանությունը: Դա, կարծես, շատ ավելի ցայտուն է Հայաստանի պարագայում, բայց գտնում եմ, որ դա վերաբերում է Հարավային Կովկասի բոլոր պետություններին»,- նշել է Բրոյերսը:

Վերլուծաբան Վեյն Մերրին իր հերթին վստահ է՝ ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանազատման ցանկացած գործողություն անհնար է առանց Մոսկվայի մասնակցության, որտեղ, ըստ վերլուծաբանի, ամբողջ քաղաքականությունը մշակվում է մի խումբ բարձրչաստիճան պաշտոնյաների կողմից: Այս երկու երկրները չափազան կարևորում են ՌԴ-ի հետ իրենց հարաբերությունները, ընդգծում է Մերրին՝ շեշտելով, որ այսօր Մոսկվան ունի այլ առաջնահերթություններ:

«Հարցն այն է, թե որքան ուշադրություն կարող է դարձնել ՌԴ-ը Կովկասում դիվանագիտություն իրականացնելուն՝ հաշվի առնելով այն սարսափելի խառնաշփոթը, որ Մոսկվան ստեղծել է ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ արևմտյան աշխարհի մեծ մասի հետ այս պատերազմի արդյունքում»,- նշում է Մերրին:

Վերլուծաբանները համակարծիք են, որ այսօր Թուրքիան կարևոր դեր է ստանձնել Հարավային Կովկասում և մասնավորապես հայ-ադրբեջանական երկխոսության համատեքստում՝ հիշեցնելով, որ Անկարան ուղիղ ու միանշանակ դեր է ունեցել ԼՂ երկրորդ պատերազմի արդյուքների և տարածաշրջանում ի նպաստ Ադրբեջանի ստատուս քվոյի փոփոխության հարցում: Ըստ Վեյն Մերրիի՝ անհնար է անտեսել Թուրքիայի դիրքորոշումը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում: Լորենս Բրոյերսի կարծիքով էլ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը թույլ կտա Անկարային էլ ավելի շատ ներգրավվել Հարավային Կովկասում, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան է Անկարան Երևանի հետ իր հարաբերությունների կարգավորման հարցը պայմանավորում Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերություններով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է ապրիլի 6-ին Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունները, իսկ հանդիպման նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ՝ վերահաստատելով Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում: