Քիչ հավանական է, որ Մոսկվան այսօր փորձի սրել հարաբերություններն Անկարայի հետ. տեսակետ

Քարնեգի հիմնարդամը կազմակերպել էր վերլուծաբանների հեռավար քննարկում Մերձավոր Արևելքի վրա Ուկրաինայում պատերազմի ազդեցության ու դրա հետևանքների մասին: Թուրքիայի ու ՌԴ-ի միջև հարաբերությունները քննարկման կարևոր մասերից էր

Քարնեգի Եվրոպա հիմնադրամի վերլուծաբան Սինան Ուլգընը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ներկայիս հարաբերությունները որակում է որպես համագործակցային մրցակցություն՝ մեծ տեղ տալով հատկապես Էրդողան-Պուտին քաղաքական հարաբերություններին:

«Դրանք բարդ հարաբերություններ են, որտեղ կան համագործակցության ոլորտներ, ինչպես նաև շատ հստակ ռազմավարական ընդհարումներ»,- ասում է Ուլգընը:

Խոսելով Քարնեգի հիմնարդամի կազմակերպած քննարկմանը՝ Մերձավոր Արևելքի վրա Ուկրաինայի պատերազմի ազդեցության մասին՝ նա ընդգծում է, որ Անկարան, համեմատած այլ ՆԱՏՕ անդամ երկրների հետ, ավելի խոցելի է ուկրաինական ճգնաժամի պայմաններում՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Ռուսաստանի փոխգործակցությունը Սիրիայում և Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը. այստեղ Անկարան որաշակիորեն կախման մեջ է, ըստ վերլուծաբանի, Մոսկվայի գործողություններից՝ ձգտելով խուսափել մարդասիրական ճգնաժամից և զանգվածային ներգաղթից Իդլիբի շրջանից: Պատերազմը Ուկրաինայում և այստեղ ՌԴ-ի կողմից միջազգային նորմերի ու իրավունքի խախտումները ստիպում են Անկարային որոշակիորեն փոփոխել Մոսկվայի նկատմամբ իր քաղաքականությունը:

«Այժմ Թուրքիան փորձում է վերանայել իր հավասարակշռված քաղաքականությունը, որը գործնականում նշանակում է Ռուսաստանի նկատմամբ ակտիվ քաղաքական քննադատություն։ Էրդողանն այդ հարցում բավականին հստակ է արտահայտվել: Բացի այդ, նեղուցները փակելու որոշումը, որը զգալի չափով ազդում է ռուսական ռազմանավերի վրա, ևս դրա վկայությունն է: Միևնույն ժամանակ, Թուրքիան Ռուսաստանի դեմ չի ընդունել սեփական պատժամիջոցների փաթեթ»,- ասում է նա:

Սինան Ուլգընը, սակայն, չի բացառում, որ Մոսկվան փորձի ուժեղացնել ճնշումը Անկարայի նկատմամբ նեղուցների վերաբացման և նախկին ստատուս քվոյի վերականգման համար: Այս մոտեցումը, սակայն, չի կիսում քննարկման մեկ այլ բանախոս, սիրիացի լրագրող և վերլուծաբան Ջիհադ Յազիգին: Նա շեշտում է՝ Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ի միակ անդամ երկիրն է, որը ստիպված չեղավ խզել իր կապերը Ռուսաստանի հետ:

«Թուրքիան կա և կմնա ռուսական գազի ներմուծողը: Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են պահպանել իրենց կապը թուրքերի հետ՝ գիտակցելով, որ թուրքական կողմը ևս ճնշման տակ է: Քիչ հավանական է, որ Մոսկվան այսօր փորձի սրել հարաբերություններն Անկարայի հետ։ Ռուսներին թուրքերը պետք են նույնքան, որքան թուրքական կողմին՝ Ռուսաստանը»,- պնդում է Յազիգին:

Իր հերթին Վաշինգտոնում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին կարևորում է Թուրքիայի, Իսրայելի, Պարսից ծոցի երկրների հետ Մոսկվայի կապերի պահպանումը՝ հաշվի առնելով այս երկրների ու ՌԴ-ի ներգրավվածությունը Սիրիայի, Լիբիայի հարցերում, սևծովյան ավազանի հիմնախնդիրներում:

«Ես գտնում եմ, որ դրանք կարևոր ուրվագծեր են եթե ոչ լարվածության նվազեցման, ապա առնվազն համոզվելու համար, որ իրավիճակը տարբեր տարածաշրջաններում չի վատթարանում»,- պնդում է Սթրոնսկին

Անդրադառնալով Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ զարգացումներին և Ռուսաստանի դերակատարությանն այս հարցում՝ Սթրոնսկին նկատում է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում՝ մեղմացնելու պատժամիջոցներն այս համաձայնագրի շուրջ բանակցությունների միջոցով: Ռուսաստանը նաև փորձում է վերականգնել իր գլոբալ դերակատարությունը՝ բանակցությունների ընթացքը խոչընդոտելու ճանապարհով: Ըստ Սթրոնսկու, սակայն, այսօր դժվար է պատկերացնել որևէ այլ երկխոսություն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, բացի Ուկրաինաից և դրա շուրջ եղած զարգացումներից, ուստի Մոսկվան ամեն կերպ կշարունակի ջանքեր գործադրել՝ համաձայնագրի կնքումը խափանելու համար: