ԱՄՆ հետախուզական մարմիններ. Պուտինը կարող է սաստկացնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

Գաղտնի ծառայության ղեկավարները ելույթ են ունենում Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումների ժամանակ

ԱՄՆ հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը հայտարարել են, որ Վլադիմիր Պուտինը կարող է սաստկացնել իր հարձակումները Ուկրաինայում՝ չնայած միջազգային պատժամիջոցների հետևանքով առաջացած ռազմական անհաջողություններին և տնտեսական դժվարություններին:

«Մեր վերլուծաբանները կարծում են, որ Պուտինին դժվար թե զսպեն նման անհաջողությունները, և որ նա կարող է սրել իրադրությունը», - ասել է Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը միջազգային սպառնալիքների հարցերով Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի ամենամյա լսումների ժամանակ:

Այսքան բարձր լարվածության դեպքում միշտ կա «չկանխամտածված էսկալացիայի ներուժ», ասում է Հեյնսը: Նա հայտարարել է, որ հետախուզական մարմինների վերլուծաբանները չեն նկատել փոփոխություններ Ռուսաստանի միջուկային քաղաքականության մեջ, բացի այն փոփոխություններից, որոնք հայտնաբերվել են նախորդ միջազգային ճգնաժամերի ժամանակ։

«Մենք նաև չենք տեսել (Մոսկվայի) դիրքորոշման փոփոխություն միջուկային (ոլորտում) ... ավելին, քան նախկինում տեսել ենք լարվածության աճի պահերին», - ասել է Հեյնսը:

«Կարծում եմ՝ Պուտինը այժմ զայրացած է և վրդովված։ Նա, հավանաբար, կկրկնապատկի ջանքերը և կփորձի ջախջախել ուկրաինական բանակը՝ հաշվի չառնելով քաղաքացիական զոհերի թիվը»,- ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն հետախուզական տեղեկություններ է փոխանակում Ուկրաինայի հետ։

Բերնսը նաև հայտարարել է, որ ինքը և ԿՀՎ վերլուծաբանները չեն տեսնում, թե ինչպես Պուտինը կարող է հասնել իր նպատակներին՝ գրավել Կիևը և Վոլոդիմեր Զելենսկու կառավարությունը փոխարինել մոսկվամետ խամաճիկ ղեկավարությամբ։

Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ Սքոթ Բերիերի խոսքով՝ նախնական գնահատականներով, մինչ օրս Ուկրաինա ներխուժման ժամանակ սպանված ռուս զինվորականների թիվը կարող է լինել 2000-ից մինչև 4000:v