Զապորոժիա ԱԷԿ-ում բռնկված հրդեհը վերացվել է

Ռազմական շրջանային իշխանությունները հայտարարել են ռեակտորներից մեկի խցիկի վնասման մասին, որը չի ազդում էներգաբլոկի անվտանգության վրա

Ուկրաինայի իշխանությունները ուրբաթ օրը հայտնել են, որ ռուսական հրթիռակոծության հետևանքով Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում բռնկված հրդեհը մարվել է, և ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել օբյեկտը:

Շրջանային ռազմական իշխանությունները հայտարարել են, որ Էներգոդարի Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը վերացվել է։ Վարչակազմի տվյալներով՝ թիվ 1 ռեակտորի խցիկում կան վնասներ, սակայն դա չի ազդում էներգաբլոկի անվտանգության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ռազմական վարչակազմը հայտնել է, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել օբյեկտը, և որ օպերատիվ անձնակազմն ապահովում է դրա անվտանգ շահագործումը: Ավելի վաղ կայանի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ռմբակոծության են ենթարկվել վարչական շենքը և թիվ 1 ռեակտորը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Զապորոժյեի ատոմակայանի հրթիռակոծման հարցը։ Բայդենը միացել է Ուկրաինայի առաջնորդի կոչին՝ պահանջելով Ռուսաստանից դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում և թույլ տալ հրշեջների և շտապ օգնության ծառայություններին մուտք գործել տարածք:

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահը շարունակում է տեղեկություններ ստանալ ատոմակայանում տիրող իրավիճակի մասին, և նա այդ հարցը քննարկել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության փոխնախարարի և Միջուկային անվտանգության ազգային վարչության ղեկավարի հետ։

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է Զապորոժիեի ատոմակայանում ռուս զինվորականների գնդակոծության արդյունքում։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Ատոմակայանում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ Էներգոդարի քաղաքապետը։

«Ռուսական բանակը բոլոր կողմերից գնդակոծում է Զապորոժյայի ատոմակայանը՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը», - գրել է Կուլեբան Twitter-ում։ -Հրդեհն արդեն բռնկվել է։ Եթե այն պայթի, ապա պայթյունը 10 անգամ ավելի մեծ կլինի, քան Չեռնոբիլում: Ռուսները պետք է ԱՆՀԱՊԱՂ դադարեցնեն կրակը, թույլատրեն հրշեջներին մուտք գորշծել տարածք, անվտանգության գոտի սահմանեն»,- գրել է Կուլեբան:

Ռուսական զորքերի հարձակման ժամանակ վնասվել է Զապորոժյայի ԱԷԿ-ի բլոկերից մեկը: Կայանում սկսել է հրդեհ, ուրբաթ առավոտյան հայտնել է Ուկրաինայի ատոմային էներգիայի նախարարությունը։

«Հրշեջները չեն կարողանում մարել Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը. նրանց վրա ուղիղ կրակ է բացվում։ խոցվել է առաջին էներգաբլոկը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ մոտակա Էներգոդար քաղաքի քաղաքապետ Դմիտրի Օռլովը հայտնել էր, որ ատոմակայանում հրդեհը սկսվել է ուրբաթ վաղ առավոտյան՝ ռուսական զորքերի հարձակումից հետո։

Ատոմակայանի տարածքում կատաղի մարտեր են տեղի ունեցել ուկրաինացի և ռուս զինվորականների միջև, ասել է Օրլովը՝ հավելելով, որ կան զոհեր։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ ռուսական զորքերը ակտիվացրել են ատոմակայանը գրավելու ջանքերը և տանկերով մտել քաղաք։

«Հակառակորդի կողմից շենքերի և ստորաբաժանումների շարունակական գնդակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում», - գրել է Օրլովը Telegram-ի իր ալիքում՝ հարձակումը որակելով որպես «վտանգ համաշխարհային անվտանգության համար»:

Ուկրաինա ներխուժումը սկսվել է ինը օր առաջ։ Ռուսաստանն արդեն գրավել է Չեռնոբիլի լքված ատոմակայանը, որը գտնվում է Կիևից մոտ 100 կիլոմետր դեպի հյուսիս։

Reuters լրատվական գործակալությունը հինգշաբթի ավելի ուշ հաղորդել է, որ հրդեհը ծագել է ատոմակայանից դուրս ընկած տարածքում: Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ իր հերթին Զապորոժյեի ատոմակայանի հակահրդեհային վիճակը որակել է նորմալ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին անդրադարձել է Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհին՝ նշելով.

«Եվրոպան այժմ պետք է արթնանա. հրդեհ է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանոմ։ Հենց այս պահին: Ռուսական տանկերը կրակում են միջուկային բլոկերի ուղղությամբ: Այս տանկերը հագեցած են ջերմային սարքավորումներով: Այսինքն՝ գիտեն, թե որ ուղղությամբ են կրակում։ Նրանք պատրաստվում էին սրան։ Դիմում եմ բոլոր ուկրաինացիներին, բոլոր եվրոպացիներին, բոլորին, ովքեր ծանոթ են «Չեռնոբիլ» բառին, ովքեր գիտեն, թե որքան վիշտ ու զոհ բերեց ատոմակայանում տեղի ունեցած պայթյունը։ Դա համաշխարհային աղետ էր։ Հարյուր հազարավոր մարդիկ պայքարեցին դրա հետեւանքների դեմ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվեցին։ Ռուսաստանը ցանկանում է դա կրկնել և արդեն կրկնում է, բայց 6 անգամ ավելի ուժգին»,- ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ։

«Եվրոպացիներ, խնդրում եմ, արթնացեք։ Ասացեք ձեր քաղաքական գործիչներին. ռուսական զորքերը գնդակոծում են ուկրաինական ատոմակայանը, Զապորոժիեի ատոմակայանը, Էներգոդար քաղաքը, ուր առկա է 6 էներգաբլոկ։ Չեռնոբիլում մեկ էներգաբլոկի պայթյուն է տեղի ունեցել:

Մենք կապ հաստատեցինք համաշխարհային առաջնորդների, մեր գործընկերների հետ։ Ես արդեն խոսել եմ Չարլզ Միշելի, Գերմանիայի կանցլեր [Օլաֆ] Շոլցի հետ, ես խոսել եմ [Լեհաստանի նախագահ Անջեյ] Դուդայի հետ, խոսել եմ նախագահ [Ջո] Բայդենի հետ, մենք կապվել ենք ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար [Ռաֆայել Մարիանո] Գրոսիի հետ, ինչպես նաև [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի։

Մենք արդեն բոլորին զգուշացրել ենք, որ ոչ մի պետություն, բացի Ռուսաստանից, երբևէ չի կրակել ատոմային էներգաբլոկների վրա։ Առաջին անգամ... մարդկության պատմության մեջ ահաբեկչական պետությունը դիմեց միջուկային ահաբեկչության: Ռուս քարոզիչները սպառնում էին բոլորին, մենք սա հիշում ենք՝ աշխարհը միջուկային մոխիրով ծածկել։ Հիմա դա սպառնալիք չէ։ Այժմ դա իրականություն է, և մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի [ատոմակայանի] հրդեհը։ Կլինեն պայթյուններ, թե ոչ, ոչ ոք չի կարող ճշգրիտ հաշվարկել: Բայց մեր տղաները միշտ ապահովել են ատոմակայանի անվտանգությունը, որ սադրանքներ չլինեն, որ ոչ ոք չմտնի ատոմակայան, որ ոչ ոք չկարողանա գրավել ատոմակայանը կամ ականապատել։ Ականապատել, իսկ հետո շանտաժի ենթարկել ամբողջ աշխարհին միջուկային աղետով։

Անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել ռուս զինվորականներին: Բղավեցեք ձեր քաղաքական գործիչներին՝ Ուկրաինայում կա 15 միջուկային էներգաբլոկ։ Եթե պայթյուն լինի, ամեն ինչի վերջը կլինի։ Եվրոպայի վերջը: Սա Եվրոպայի տարհանումն է։ Միայն հրատապ եվրոպական գործողությունները կարող են կանգնեցնել ռուսական ուժերին: Թույլ մի տվեք, որ Եվրոպան մեռնի ատոմակայանի աղետից»,- ասվում էր Զելենսկիի հայտարարության մեջ։