ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ ուկրաինական Խերսոն քաղաքը ներկայումս ամբողջությամբ չի գրավված ռուսական զորքերի կողմից
Այս մասին Reuters-ին հայտնել է բարձրաստիճան զինվորականը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:
Հինգշաբթի ավելի վաղ Խերսոնի շրջանի ղեկավար Գենադի Լագուտան հայտնել էր, որ ռուսական տանկերը մտել են քաղաք, և որ ռուսական ստորաբաժանումները գրավել են շրջանային վարչակազմի շենքը։
Պենտագոնի աշխատակիցը նշել է, որ Խերսոնի փողոցներում մարտերը շարունակվում են, և որ դեռ վաղ է խոսել քաղաքի հանձնման մասին, քանի որ իրավիճակը արագորեն փոխվում է։
Ռուսական ստորաբաժանումների կողմից գրավման դեպքում Խերսոնը կդառնա ուկրաինական առաջին խոշոր քաղաքը ներխուժումից հետո, որն ամբողջությամբ գրավվել է ռուսական բանակի կողմից։
«Միգուցե ռուսները ցանկանում են տեղափոխվել [Խերսոնից] Նիկոլաև՝ Օդեսայից հյուսիս-արևելք ընկած դիրքերում ամրանալու համար, եթե նրանք որոշեն շարժվել դեպի Օդեսա ոչ միայն ծովից, այլև ցամաքով», - ասել է աղբյուրը պաշտպանության նախարարությունում:
Նշվում է նաև, որ ներկայումս ռուսական ավիացիան չի գերակայում Ուկրաինայի օդային տարածքում։ Կասեցվել է նաև ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը դեպի Կիև. այժմ նրանք գտնվում են մայրաքաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա, թեև Ռուսաստանն իր սահմանին կուտակած զորքերի 90%-ն արդեն Ուկրաինայում են։
Այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում գերհզոր զենք է տեղակայել պայթուցիկ զինամթերքով։
Պենտագոնի վերոնշյալ աղբյուրն ասել է.
«Մենք գիտենք, որ նրանք (ռուսական զորքերը) Ուկրաինայում ունեն արձակման համակարգեր, որոնք կարող են հարվածներ հասցնել ծավալային պայթյունի մարտագլխիկ ունեցող հրթիռներով։ Բայց մինչ այժմ մենք չենք կարող հաստատել այս տեսակի զենքի առկայությունը [ռուսական բանակի մոտ] Ուկրաինայում, և որ դրանք արդեն օգտագործվել են [ռազմական գործողությունների ժամանակ]»։