Եվրոպան և Կանադան փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Եվրոպայում և նրա սահմաններից դուրս երկրներն արգելափակում են իրենց օդային տարածքները ինքնաթիռների թռիչքների համար՝ ի նշան բողոքի ընդդեմ Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա:

Ինչպես գրում է Agence France-Presse (AFP) գործակալությունը, ուրբաթ օրը Մեծ Բրիտանիան հայտարարել է անհապռուսական մասնավոր ինքնաթիռների մուտքի արգելքիի մասին Մեծ Բրիտանիայի օդային տարածք՝ ի պատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիայի ընդդեմ Ուկրաինայի:

Չեխիան, Լեհաստանը և Բուլղարիան հայտարարել են, որ կեսգիշերից սկսած արգելելու են իրենց օդային տարածք բոլոր ռուսական ինքնաթիռների թռիչքները։ Շաբաթ օրը նույն քայլին են դիմել Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան և Ռումինիան:

«Ժողովրդավարական երկնքում տեղ չկա ագրեսոր պետության ինքնաթիռներին»,- թվիթերում գրել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Ավստրիան իր հերթին հայտարարել է կիրակի օրվանից ռուսական բոլոր չվերթների արգելափակման մասին. ռուսական ինքնաթիռները այլևս չեն կարողանա օգտվել Ավստրիայի օդային տարածքից կամ վայրէջք կատարել Ավստրիայի օդանավակայաններում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Վլադիմիր Պուտինին ցույց տանք, որ չենք ընդունում նրա ներխուժումն Ուկրաինա»,- գրել է կանցլեր Կառլ Նեհամերը Twitter-ում։

Գերմանիան նշել է, որ եռամսյա արգելք է սահմանում ռուսական բոլոր չվերթների նկատմամբ կիրակի օրը ժամը 14:00-ից: Կթույլատրվեն միայն մարդասիրական թռիչքները։ Իսկ Ֆրանսիան հայտարարում է, որ կփակի իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար կիրակի օրվա գիշերային ժամերից սկսած:

Բելգիան ևս հրաժարվում է ընդունել ռուսական ինքնաթիռները։

«Մեր եվրոպական երկինքը բաց երկինք է», - ասում է վարչապետ Ալեքսանդր Դե Կրոուն: «Այն բաց է նրանց համար, ովքեր կապում են մարդկանց միմյանց, այլ ոչ թե նրանց համար, ովքեր ձգտում են դաժան ագրեսիայի»:

Սկանդինավյան երկրներ՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան և Իսլանդիան հայտարարել են նույնպես, որ չեն թույլատրելու ռուսական ինքնաթիռների թռիչքները։

Ֆինլանդիան, որը կիսում է 1300 կմ սահման ունի Ռուսաստանի հետ, «պատրաստվում է փակել իր օդային տարածքը ռուսական օդային երթևեկության համար», - թվիթերում գրել է տրանսպորտի նախարար Տիմո Հարակկան՝ առանց նշելու ժամանակը։

Իտալիան և Իսպանիան նույնպես միացել են արգելափակման, իսկ Մալթան հայտնել է, որ այս քայլին է դիմում «Ուկրաինայի հետ լիակատար համերաշխություն» ցույց տալու համար, մինչդեռ Պորտուգալիան պատրաստվում է հետևել այս օրինակին կիրակի կեսօրվանից:

Հյուսիսային Մակեդոնիայի կառավարությունը կիրակի օրը արգելել է բոլոր ռուսական օդանավերի մուտքը իր երկինք, սակայն ասում է, որ մարդասիրական թռիչքները կբացառվեն:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իր օդային տարածքը Ռուսաստանի ինքնաթիռների համար կփակեն ԵՄ բոլոր երկրները: Դրա մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լեենը:

Կանադան կիրակի օրվանից փակել է իր օդային տարածքը «բոլոր ռուսական օդանավերի շահագործման համար», Twitter-ում հայտնել է տրանսպորտի նախարար Օմար Ալղաբրան՝ «Ուկրաինայի դեմ չհրահրված հարձակումների պատճառով»։

Ռուսաստանը ի պատասխան հակադարձել է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Սլովենիայի ավիափոխադրողների թռիչքների արգելափակմանբ: Մեկ օր առաջ այն փակել էր իր օդային տարածքը Բուլղարիայի, Լեհաստանի և Չեխիայի թռիչքների համար։

Ուրբաթ օրն էլ Մոսկվան արգելափակեց իր երկինքը Մեծ Բրիտանիայի օդանավերի համար: