Ռուսաստանի նոր հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի դեմ

Կիևի մերձակայքում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը, Խարկովում գազատարի պայթեցումը Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հերթական հարձակումների հետևանքն են

Շաբաթ լույս կիրակի գիշերը Ռուսաստանը մի շարք նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի օդանավակայանների և վառելիքի օբյեկտների ուղղությամբ, հաղորդում է Associated Press գործակալությունը: Այն, ինչ պետք է լիներ ներխուժման հաջորդ փուլը, դանդաղեցվեց ուկրաինական ուժերի կատաղի դիմադրության արդյուքում: ԱՄՆ-ը և ԵՄ-ը պատասխանել են Ռուսաստանի ագրեսիային՝ ուկրաինացիներին զենք և զինամթերք տրամադրելով, ինչպես նաև խիստ պատժամիջոցներ սահմանելով, որոնց նպատակն է Մոսկվայի հետագա մեկուսացումը:

Կիրակի վաղ առավոտյան ուժգին պայթյուններ են արձանագրվել Կիևի հարավային հատվածում: Մարդիկ այստեղ թաքնված են իրենց տներում, ստորգետնյա ավտոտնակներում և մետրոյի կայարաններում՝ սպասելով ռուսական լայնածավալ հարձակմանը:

Նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի գրասենյակի և Կիևին ամենամոտ գտնվող Վասիլկով քաղաքի քաղաքապետի տեղեկության համաձայն, լուսաբացին Ժուլյան օդանավակայանի մոտ, որը գտնվում է մայրաքաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ, հրթիռի հարվածից հրդեհ է գրանցվել տեղի նավթային բազայում:

Զելենսկիի գրասենյակը նաև հայտնել է, որ ռուսական զորքերը պայթեցրել են գազատար Խարկովում՝ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում: Ուկրաինայի իշխանությունները կոչ են արել բնակիչներին շտապ պաշտպանվել ծխից՝ ծածկելով պատուհանները խոնավ շորով:

«Մենք կպայքարենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր երկիրը ազատագրելու համար»,- խոստացել է Զելենսկին։

Ուկրաինայի կառավարությունը պարետային ժամ է սահմանել երկրում՝ մարդկանց փողոցներից հեռու պահելու համար: Միաժամանակ ավելի քան 150 հազար ուկրաինացիներ հեռացել են Լեհաստան, Մոլդովա և հարևան այլ երկրներ։ ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ իրավիճակի հետագա էսկալացիայի դեպքում փախստականների թիվը կարող է հասնել մինչև 4 միլիոնի:

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել հայտնել իր անունը, ասել է, որ Ուկրաինայի սահմանների երկայնքով կուտակված ռուսական ռազմական ուժերի կեսից ավելին արդեն գտնվում է Ուկրաինայի տարածքում: Մոսկվան նաև ստիպված եղավ Ուկրաինայում օգտագործել ավելի շատ վառելիք և ռազմական այլ ռեսուրսներ, քան նախատեսել էր: