Չինաստանը, Հնդկաստանն ու ԱՄԷ-ը՝ ձեռնպահ են
Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, ուրբաթ օրը վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը մտահոգություն էր հայտնում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցում և պահանջում էր Ռուսաստանից անհապաղ դուրս բերել իր զորքերը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 11-ը կողմ են քվեարկել ԱՄՆ-ի և Ալբանիայի առաջ քաշած բանաձևին, իսկ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ը ձեռնպահ են մնացել, հաղորդում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:
Փաստաթուղթն առաջարկում էր պարտավորեցնել Մոսկվային դադարեցնել Ուկրաինայի դեմ ուժի կիրառումը և զերծ մնալ ՄԱԿ-ի ցանկացած պետության դեմ ուժի կիրառման սպառնալիքից։ Ըստ բանաձևի նախագծի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է պարտավորեցներ Ռուսաստանին անհապաղ, ամբողջությամբ և առանց նախապայմանների դուրս բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Բացի այդ՝ Ռուսաստանը պետք է չեղարկեր Դոնեցկի և Լուգանսկի անջատողական միավորների ճանաչման որոշումը։ Փաստաթուղթը կողմերին կոչ էր անում հավատարիմ մնալ Մինսկի համաձայնագրի դրույթներին և կառուցողական աշխատանք տանել համապատասխան միջազգային ձևաչափերում, ներառյալ նորմանդական ձևաչափում և եռակողմ կոնտակտային խմբում:
Բանաձեւը դատապարտված էր ձախողման Ռուսաստանի վետոյի իրավունքի պատճառով, որը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Այդուհանդերձ, քննարկումը խորհրդում լավ հնարավորություն էր բողոքի ձայն հնչեցնել ընդդեմ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակում սկսելու որոշման:
«Թույլ տվեք հստակեցնել մեկ բան»,- քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Ռուսաստան, դուք կարող եք վետո դնել այս բանաձեւի վրա, բայց դուք չեք կարող վետո դնել մեր ձայների վրա, դուք չեք կարող վետո դնել ճշմարտության վրա, դուք չեք կարող վետո դնել մեր սկզբունքների վրա, դուք չեք կարող վետոյի ենթարկել ուկրաինացի ժողովրդին»:
Ռուսաստանը, որը ներկայումս ռոտացիոն կարգով նախագահում է Անվտանգության խորհրդում, հավանաբար կառերեսվի նմանատիպ բանաձևի շուրջ մեկ այլ քվեարկությանը այժմ արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում, որը կարող է ընդունվել զգալի տարբերությամբ, թեև այն կլինի ոչ պարտադիր իրագործման համար:
«Մի սխալվեք, Ռուսաստանը մեկուսացված է: Նա աջակցություն չունի Ուկրաինա ներխուժման հարցում»,- ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը:
Քվեարկությունից առաջ Թոմաս-Գրինֆիլդը Ռուսաստանի հարձակումը բնութագրեց որպես «այն աստիճան լկտի, որ այն սպառնում է մեր միջազգային համակարգին: Մենք լուրջ պարտավորություն ունենք չանտեսելու այն կամ նվազագույնը, բողոքի ձայն հնչեցնելու այս կապակցությամբ, ասել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։