Ավելի վաղ ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հայտարարել էին ՌԴ նախագահի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի դեմ պատժամիջոցների մասին
Սպիտակ տունը ուրբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ։ Այսպիսով, Վաշինգտոնը հույս ունի ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, նշում է Ռոյթերս գործակալությունը:։
Պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հազվագյուտ, բայց ոչ աննախադեպ քայլ է, որ տեղի ունեցավ ռուսական զորքերը Ուկրաինա ներխուժումից մեկ օր անց:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ Պուտինի դեմ պատժամիջոցներ սահմանելու համաձայնեցված գործողությունները կարևոր ազդանշաններ են: Փսակին հավելել է, որ Պուտինի, Լավրովի և այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը կայացվել է նախագահ Ջո Բայդենի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյնի հետ հեռախոսազրույցից հետո։
Ավելի վաղ ուրբաթ օրը ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվեցին սառեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի եվրոպական ակտիվները այն բանից հետո, երբ Վոլոդիմեր Զելենսկին կոչ արեց ուժեղացնել պատժամիջոցները՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով:
Պուտինի և Լավրովի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումն արտացոլում է Արևմուտքի «բացարձակ անզորությունը» արտաքին քաղաքականության մեջ, ուրբաթ օրն ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Միացյալ Նահանգները նախկինում պատժամիջոցներ է սահմանել պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ։
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի երկու խոշորագույն բանկերի և ռուս օլիգարխների դեմ։ Չորեքշաբթի օրը Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկում ավելացրել էր ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման համար պատասխանատու ընկերությունը։
Ատլանտյան խորհրդի անդամ Էդվարդ Ֆիշմանը, ով Օբամայի վարչակազմի օրոք ներգրավված էր ԱՄՆ պետքարտուղարությունում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմամբ, նշել է, որ թեև Պուտինի նկատմամբ պատժամիջոցները հիմնականում խորհրդանշական են, սակայն Ռուսաստանի ղեկավարին պատժելը խելացի քայլ է Միացյալ Նահանգների և նրա գործընկերների կողմից:
«Սա, անշուշտ, համերաշխության շատ ուժեղ ազդանշան է ուկրաինացիների հետ, ովքեր այժմ կրակի տակ են», - ասում է Ֆիշմանը:
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները մոտենում են անդառնալի կետին։
«Հարցն այն է, որ մենք հասել ենք այն գծին, որտեղից սկսվում է անդառնալի կետը»,- ասել է Զախարովան։ Նրա մեկնաբանության պահն դեռևս հայտնի չէր, որ Սպիտակ տունը պատժամիջոցներ է կիրառում Պուտինի և Լավրովի նկատմամբ։ Զախարովան նկատի ուներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից այսօր հայտարարված նմանատիպ միջոցները։
Ի պատասխան դրա վերաբերյալ հարցին՝ Զախարովան հայտնել է, որ «ոչ Պուտինը, ոչ Լավրովը հաշիվներ չունեն ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ էլ արտերկրի այլ երկրում»: