Փորձելով խափանել Վլադիմիր Պուտինի ծրագրերը՝ արևմտյան երկրները գնալով ավելի ու ավելի շատ են հրապարակում հետախուզական տվյալներ՝ Մոսկվայի իրական մտադրությունները ապացուցելու համար:
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները աստիճանաբար ավելի շատ են բացահայտում իրենց ձեռքում եղած հետախուզական տվյալները՝ փորձելով հակազդելՈւկրաինա ներխուժելու ռուսական ծրագրերին և խափանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագիրը՝ մերկացնելով ռուսական ապատեղեկատվությունը, որը փորձում է ձևավորել հօգուտ Մոսկվայի հանրային գլոբալ կարծիք:
Վերջին շաբաթների ընթացքում Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ հետախուզության զեկույցներն այն մասին, որ Ռուսաստանը կեղծ դրոշով ներխուժում է նախապատրաստում՝ Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ ստեղծելու համար: Մեծ Բրիտանիան նշել է Ուկրաինայի կոնկրետ քաղաքացիների անուններ, որոնց Լոնդոնը մեղադրել է ռուսական հետախուզության հետ կապեր ունենալու և Վոլոդիմեր Զելենսկու կառավարությունը տապալելու ծրագիր մշակելու մեջ։ ԱՄՆ-ը նաև հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս ռուսական զորախմբերի գտնվելու վայրերը և մանրամասնել, թե ինչպես, ըստ ամերիկացի պաշտոնյաների, Մոսկվան շուրջ 175,000 զինվորականներով կփորձի հարձակվել Ուկրաինայի վրա:
Այնուամենայնիվ, տեղեկատվության հրապարակումը կապված է որոշակի ռիսկերի հետ: Հետախուզության գնահատականները միշտ չէ, որ ամբողջապես արժանահավատ են: Բացի ռուսական զորքերի տեղաշարժերի լուսանկարներից, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ենթադրյալ ագրեսիայի մասին այլ ապացույցներ չեն ներկայացրել: Մոսկվան Վաշինգտոնի պնդումներն անվանում է «հիստերիա»՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզության անցյալ ձախողումներին, ներառյալ Իրաքում քիմիական զենքի առկայության մասին հետագայում հերքված տեղեկությունը:
Առայժմ դեռևս Ռուսաստանի վարքագծի փոփոխության հստակ նշաններ չկան, որը շարունակում է ուժեր տեղակայել Ուկրաինայի սահմանին և Բելառուսում։ Վաշինգտոնում և Լոնդոնում աճում է հոռետեսությունը դիվանագիտական ջանքերով խնդիրը կարգավորելու շուրջ: Աճում է համոզմունքը, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ինչ-որ ներխուժում կձեռնարկի:
Ռուսաստանը վաղուց օգտագործում է ապատեղեկատվությունը որպես մարտավարական գործիք՝ շփոթություն և պառակտում ստեղծելու համար՝որպես ընդհանուր հակամարտության ռազմավարության մի մաս: Երբ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմի թերակղզին, այն քարոզչություն ծավալեց այստեղ բնակվող էթնիկ ռուսների շրջանում՝ սոցիալական ցանցերի ու մամուլի միջոցով տարածելով ապատեղեկատվություն Կիևում ցույցերի, Արևմուտքի արձագանքի ու ուկրաինացի զինվորականների կողմից իբր կատարված չարագործությունների մասին:
Այս անգամ, ԱՄՆ-ն ասում է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի առաջնորդներին ներկայացնել որպես ագրեսորներ և համոզել իր քաղաքացիներին աջակցել ռազմական գործողությունները: Միևնույն ժամանակ, ըստ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, Ռուսաստանն արևելյան Ուկրաինա է ուղարկել իր հատուկ ծառայության աշխատակիցներին, որոնք կարող են տարբեր դիվերսիաներ իրականացնել Դոնբասում ռուսամետ անջատողականների շրջանում՝ հետագայում Կիևին հարձակումների և ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրելու համար:
Սպիտակ տունը բազմիցս հերքել է Մոսկվայի տարածած ապատեղեկատվությունը և մասնավոր կերպով լրացուցիչ հետախուզական տեղեկություններ տրամադրել իր դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային: Պետքարտուղարությունը վերջերս հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ թվարկվում և հերքվում են Ռուսաստանի մի քանի պնդումները: Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել չորս անձի նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ուկրաինա ռուսական ներխուժման պատրվակ ստեղծելու նպատակով գործողություններ իրականացնելու մեջ:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ վարչակազմը «ռազմավարական որոշում է կայացրել՝ հակազդելու ապատեղեկատվությանը, երբ այն նկատվի մեր կողմից»:
«Մենք շատ ավելի տեղյակ ենք ռուսական ապատեղեկատվության մեքենայի մասին, քան 2014 թվականին», - ասաց նա չորեքշաբթի օրը:
Վաշինգտոնի ջանքերը, սակայն, հարցեր են բարձրացնում Կիևում, որտեղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին այլ մոտեցում է որդեգրել՝փորձելով ճնշել հանրային վախը պատերազմի հանդեպ:
Ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր կերպով մտահոգություն են հայտնում, թե ինչու է Բայդենի վարչակազմը նախազգուշացնում մոտալուտ ներխուժման մասին, բայց չի կիրառում կանխարգելիչ պատժամիջոցներ կամ միջոցներ չի ձեռնարկում «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ, որը քննադատության է ենթարկվել, քանի որ Մոսկվային Ուկրաինայի և Արևմտյան Եվրոպայի հանդեպ ավելի շատ լծակներ է տալիս: Բայդենի վարչակազմը Կոնգրեսում դեմոկրատների միջոցով խափանեց հանրապետականների նախաձեռնված օրինագիծը, որը վարչակազմից պատժամիջոցներ է պահանջում դեռևս չշահագործվող այս գազատարի դեմ:
Սպիտակ տունը սպառնացել է կոշտ պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Բացի այդ, Վաշինգտոնը պատրաստվում է ուժեր տեղակայել ՆԱՏՕ-ի արևելյան թեւում՝ հնարավոր ներխուժման դեպքում: ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները Ուկրաինաին են փոխանցում նաև ռազմամթերք, զենքեր և հրթիռային համակարգեր։