Մատչելի հղումներ

Պուտինը չի նահանջում նույնիսկ, երբ ՆԱՏՕ-ի ուժեր են կուտակվում Արեւելյան Եվրոպայում


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը այս շաբաթ լրացուցիչ զորքեր կուղարկի Եվրոպա՝ երբ կա Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժում իրականացնելու վտանգ: Մոտ 2000 զինծառայողներ Լեհաստան կուղարկվեն Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորթ Բրեգից, ևս 1000 ամերիկացի զինվորականներ Ռումինիայում կտեղակայվեն Գերմանիայից: Այս մասին հաղորդում է ‘’Ռոյթերս’’ լրատվական գործակալությունը:

Ըստ Մեծ Բրիտանիայի հետախուզության տվյալների, Ուկրաինայի սահմանի երկայնքով այսօր կուտակվել են ռուսական 105 հազար թվակազմով ուժեր: Սակայն, ինչպես Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան է ասել, Ռուսաստանը դեռ բավականաչափ ուժեր չի կուտակել լայնամասշտաբ ներխուժման համար: Նրա խոսքերով, այս պահին օգնում է նաեւ դիվանագիտությունը` կանխելու համար ռուսական հարձակման վտանգը:

Երեքշաբթի օրն Ուկրաինա կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը մեղադրել էր Ռուսաստանին «Ուկրաինայի գլխին ատրճանակ» պահելու մեջ։

Գուցե ապացույց այն բանի, որ Ռուսաստանը չունի փոխզիջման գնալու մտադրություն, Կրեմլը մի տեսակ ծաղրում է Մեծ Բրիտանիայի վարչապետին` ասելով, թե նա «բոլորովին շփոթված» է: Իսկ բրիտանացի քաղաքական գործիչներին ծաղրում է նրանց «հիմարության և անտեղյակության համար»: Կրեմլն իր հռետորաբանությունն ուղղեց ընդդեմ Ջոնսոնի այն բանից հետո, երբ վերջինս չեղյալ հայտարարեց չորեքշաբթի օրը Պուտինի հետ կայանալիք հեռախոսազրույցը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ, ավելի առաջ անցնելով, ծաղրանքի խոսքեր ասաց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրուսի հասցեին վերջինիս այն խոսքերի համար, որոնց համաձայն, Մեծ Բրիտանիան ‘’բալթյան իր դաշնակիցներին մատակարարումներ է առաքում Սեւ ծովով: ‘’Տիկին Թրուս, պատմության ձեր իմացությունը չի կարելի համեմատել աշխարհագրության մասին ձեր իմացության հետ: Եթե կա ինչ որ մեկը, որն ուզում է փրկվել ինչ որ մի բանից, դա աշխարհն է, որն ուզում է փրկվել բրիտանական քաղաքական գործիչների տգիտությունից’’, գրել է Զախարովան:

Մոտ վեց շաբաթ շարունակվող ուկրաինական ճգնաժամի պայմաններում Պուտինը ցույց չի տալիս անվտանգության պահանջների վերաբերյալ իր դիրքերից նահանջելու եւ ոչ մի նշան:

Մոսկվան շարունակում է հերքել Ուկրաինա ներխուժելու որևէ ծրագիր, սակայն Արևմուտքից պահանջում է անվտանգության ամբողջական երաշխիքներ, այդ թվում՝ խոստում, որ Կիևը երբեք չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին:

Իսկ այն ընթացքում, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հորդորում է զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից, ուկրաինական բանակը զորավարժություններ է անցկացնում Ղրիմին սահմանակից հարավային Խերսոնի շրջանում: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրում է երեք տարվա ընթացքում բանակի 250 հազարանոց թվակազմը եւս 100 հազարով համալրելու մասին հրաման:

XS
SM
MD
LG