Օրերս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) տեղեկություն է տարածել ԼՂ պատերազմից հետո այնտեղ ընթացող մարդասիրական առաքելության և զոհված զինծառայողների աճյունները հայտնաբերելու ուղղությամբ իրակաանցվող գործողությունների մասին:
Ըստ ԿԽՄԿ-ի, շուրջ մեկ տարի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, դժվարամատչելի և հեռավոր վայրերում, ուր առկա են ականներ և չպայթած զինամթերք, ընթանում են զոհված զինվորների աճյունները հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքեր:
ԿԽՄԿ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է. «2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով անհայտ կորած է համարվում շուրջ 300 մարդ: 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրից հետո հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու աճյուններ, և սկսվել է նրանց ինքնությունը պարզելու և աճյունները նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ռուս խաղաղապահների հետ միասին օժանդակել է մոտ 360 գործողություններին՝ մարդկանց աճյունները հայտնաբերելու համար՝ աջակցելով տեղական վերականգնողական թիմերի աշխատանքին»:
«Ոչինչ չի կարող հետ բերել իրենց սիրելիներին, բայց չափազանց կարևոր է հարյուրավոր ընտանիքներին հնարավորություն տալ տեղեկանալու, թե ինչ է տեղի ունեցել: Գործողությունները մշտապես չափազանց վտանգավոր են, քանի որ այս տարածքը լի է ականներով և չպայթած զինամթերքով, և դրա հետ մեկտեղ՝ ձմռանը տեսանելիությունը գրեթե զրո է», - հայտնում է Քրիստոֆեր Փուլը, ով ղեկավարում է ԿԽՄԿ-ի ականազերծման, պայթուցիկների ռազմամթերքի մնացորդների վերացման ջանքերը, նշելով, որ ԿԽՄԿ-ի թիմերը աջակցում են տեղի մասնագետներին որոնողական աշխատանքներն անվտանգ կազմակերպելու հարցում :
Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ որոնողական աշխատանքները հաճախ ընդհատվում են տարբեր պատճառներով, այդ թվում՝ ձմեռային եղանակի պատճառով: ԿԽՄԿ-ն այստեղ որպես չեզոք միջնորդ գործողություններ է իրականացնում իր մարդասիրական առաքելության շրջանակում 1992 թվականից ի վեր:
ԿԽՄԿ-ի դատաբժշկական փորձագետները նաև աջակցում են ողջ տարածաշրջանի դիահերձարաններին ՝ նույնականացման բարդ խնդիրն իրականացնող թիմերին տրամադրելով սառնարաններ, սարքավորումներ և խորհրդատվություն:
«Մարդկանց աճյունների դուրսբերումը, զոհերի ինքնության պարզումը և նրանց ընտանիքներին աճյունները վերադարձնելը բարդ և ժամանակատար գործընթաց է: Իշխանությունների և ընտանիքների կողմից մշտապես առկա է մեծ ճնշում դատական բժիշկների վրա, որպեսզի վերջիններս հնարավորինս արագ աշխատեն, սակայն սխալվելը բացառվում է»,- ասում է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի դատաբժշկական հարցերով ղեկավար Ջեյն Թեյլորը:
Կառույցի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ ասված է՝ 2020 թվականի նոյեմբերի էսկալացիայի հետևանքով անհետ կորած հարյուրավոր մարդկանցից բացի, ավելի քան 4500 մարդ անհետ կորել է 1990-ականների հակամարտության արդյունքում:
«Անհայտ կորած մարդկանց առկայությունը և այն ընտանիքները, ովքեր չգիտեն, թե ինչ է պատահել նրանց հետ, ամենացավալի և հաճախ անտեսված սպիներից մեկն է, որը մնում է հակամարտությունից հետո: Հազարավոր ընտանիքներ ողջ Եվրոպայում այսօր ապրում են այս ցավով: Բացի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներից, օրինակ, Ուկրաինայում կան հարյուրավոր անհետ կորածներ գրեթե ութ տարվա հակամարտությունից հետո, իսկ ավելի քան 10,000 մարդ անհետ կորել է Բալկաններում», - ասում է ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը: