Մատչելի հղումներ

"Բոլորը բոլորի դիմաց" ձևաչափով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է


ԼՂ հայտնել է Խծաբերդ գյուղի մոտակայքում մոտ 60 զինծառայողի անհետ կորելու մասին: Ադրբեջանը պնդում է, թե հայ զինծառայողները մնացել էին Հադրութի շրջանում և հարձակումներ էին գործում իր զորքերի վրա: Փաշինյանն էլ ասում է, թե ադրբեջանական ուժերը փորձում են արժեզրկել ռուս խաղաղապահների ներկայությունը:

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն այլևս հայերինը չեն: Սակայն թերևս տարածքների կորստի մասին չէ, որ անհանգիստ են պատերազմի ընթացքում և խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո գերևարված զինծառայողների հարազատները:

"Ամեն տեղ դիմել եմ՝ նախարարություն, Գորիս էլ գնացի, բայց ոչ մի տեղեկություն կչա: Մինչև հիմա չգիտենք կենդանի է, կենդանի չէ: Չգիտեմ:",- ասում է անհետ կորած զինվորի հայր Աբրահամ Անդրեասյանը:

"Միայն իմ երեխայի մասին չէ: 34 երեխա չկա ամսի 21-ի մարտերից հետո: Ծնողներով հավաքվել ենք այստեղ, և շտաբի պետի՝ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպում ենք պահանջում՛,- ասում է անհետ կորած զինվորի հայր Հրաչյա Ալեքսանյանը:

ԼՂ-ում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ տարբեր վաշտերի մոտ 60 զինծառայող անհետ կորել են Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտակայքում: Դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները:

"Բոլորը բոլորի դիմաց" ձևաչափով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ ադրբեջանական ուժերը հատուկ կերպով գնում են սադրանքների, որպեսզի արժեզրկեն այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը:

"Խնդիրը նրանում է, որ գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում, և, ինչպես արդեն ասել եմ, այդ իրադարձությունների մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց, ցավոք, դրանից իրավիճակը չի կայունացել: Եվ, ըստ էության, մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների՝ նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստն արժեզրկելու համար: Եվ այս տեղային գործողություններն ունեն շատ ավելի լայն, գլոբալ հեռանկար, հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևակերպելու համար",- ասել է Նիկոլ Փաշինյանը ‘’Ազատություն’’ լրատվականի հետ հարցազրույցում:

Ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը հաստատել է հանգստյան օրերին հրադադարի ռեժիմի խախտման մասին լուրերը: Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի պնդմամբ՝ խախտումը "կանխվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործողությունների արդյունքում":

Մուրադովը չի նշել, թե կողմերից որ մեկն է խախտել հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, թե հայ զինծառայողները մնացել էին Հադրութի շրջանում և հարձակումներ էին գործում իր զորքերի վրա: Ադրբեջանական կողմը պնդում է, որ նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած համաձայնագրից հետո ԼՂ-ում տասը ադրբեջանցի զինծառայող է սպանվել:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների փոխանակման երկկողմանի գործընթացի շրջանակներում երկուշաբթի օրը Հայաստան են տեղափոխվել այն 44 հայ գերիները, որոնց գերևարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Հայաստանն էլ իր հերթին Ադրբեջանին է փոխանցել 12 անձի:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, որ համապատասխան նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության, "բոլորը բոլորի դիմաց" ձևաչափով գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է:

XS
SM
MD
LG