Ուկրաինայի դատախազությունը 35 միլիոն դոլարի գրավ է պահանջել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի համար, ով երկուշաբթի օրը վերադարձել է երկիր: Նա մեղադրվում է դավաճանության մեջ, բայց չի ընդունում մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական:
Հազարավոր աջակիցներ ողջունել են Պետրո Պորոշենկոյին երկուշաբթի օրը Լեհաստանի Վարշավայից Կիև ժամանելուց հետո: Պորոշենկոն, ով ղեկավարել է Ուկրաինան 2014-ից 2019 թվականներին, օդանավակայանում իր աջակիցներին ասել է, որ վերադարձել է Ուկրաինա՝ օգնելու երկրին դիմակայել «ռուսական ներխուժման աճող սպառնալիքին»:
Ըստ նրա՝ երկիրը պաշտպանելու և ագրեսորներին հակազդելու փոխարեն՝ իշխանությունները իրենց ողջ ներուժը ներդնում են ընդդիմության դեմ պայքարելու, ընտրովի արդարադատություն իրականացնելու, օրենքի գերակայությունը տապալելու, օրենսդիրների և ընդդիմության վրա ճնշում գործադրելու նպատակներին:
Օդանավակայանից նա ուղեւորվեց Կիևի կենտրոնական դատարան: Դատախազները նրան մեղադրանք են առաջադրել դավաճանության մեջ՝ ըստ որի՝ 2014-ից 2015 թվականներին նա օգտագործել է ածխի անօրինական վաճառքը Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականներին ֆինանսավորելու համար: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:
Պորոշենկոյի վերադարձը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռուս զինվորները զորավարժություններ են անցկացնում Ռոստովի մարզում Ուկրաինայի սահմանի մոտ։
Արևմուտքը մտահոգված է Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կուտակմամբ և Մոսկվայի պահանջով, որ Վաշինգտոնը խոստանա թույլ չտալ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ կամ տարածել ռազմական դաշինքը դեպի արևելք: Միացյալ Նահանգները հրաժարվում է ընդունել նման պայման: Երկուշաբթի օրը ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Կիև՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու համար:
Մոտ 12 ժամ տևած լսումներից հետո դատարանը հետաձգեց Պորոշենկոյին գրավի կիրառման կամ կալանավորման որոշումի կայացումը: Դատական նիստը կվերսկսվի չորեքշաբթի։