Երկուշաբթի օրը Նազարբաևի փեսա Թիմուր Կուլիբաևը, ով համարվում է Ղազախստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտարարել է, որ հեռանում է Ատամեկենի ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից։
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մի քանի հարազատներ վերջին օրերին կորցրել են իրենց բարձր պաշտոնները՝ զանգվածային բողոքի ցույցերից և մարդկային զոհերով ուղեկցվող հուզումներից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում։
Կուլիբաևն ամուսնացած է Նուրսուլթան Նազարբաև միջնեկ դստեր` Դինարայի հետ։ Նա դեռ շարունակում է մնալ Ղազախստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը։
Անցյալ շաբաթ Նազարբաևի ևս երկու փեսաներ կորցրեցին իրենց պաշտոնները նավթագազային խոշոր ընկերություններում։ Նրա կրտսեր դստեր ամուսինը՝ Ալիյա Դիմաշ Դոսանովը, հրաժարական է տվել KazTransOil-ի գլխավոր տնօրենի պաշտոնից, իսկ Կայրաթ Շարիպբաևը՝ Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգայի ամուսինը, հրաժարական է տվել QazaqGaz-ի խորհրդի նախագահի պաշտոնից։
Նազարբաևի եղբորորդին՝ Սամաթ Աբիշը, երկուշաբթի օրը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով ազատվել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Այս կոմիտեի նախկին ղեկավարը, ով համարվում էր Նազարբաևի մտերիմ Քարիմ Մասիմովը, ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։
Նազարբաևը, ով ղեկավարել է Ղազախստանն ավելի քան 30 տարի, խորհրդային ժամանակները ներառյալ, նախագահի պաշտոնը լքել է 2019 թվականին, սակայն պահպանել Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, իսկ նրա հարազատներն ու մերձավորները շարունակել են զբաղեցնել կարևոր դիրքեր։ Բողոքի ամենաթեժ պահին՝ հունվարի 5-ին, Տոկաևը հայտարարեց, որ անձամբ է ստանձնում Անվտանգության խորհուրդի ղեկավարի պաշտոնը։ Ընդամենը մի քանի օր անց Նազարբաեւի մամլո քարտուղարը հայտարարեց, որ նա ինքնակամ հրաժարական է տվել։ Ինքը՝ Նազարբաևը, անցյալ տարվա դեկտեմբերից չի երևացել հանրության առջև, չի մեկնաբանել բողոքի ցույցերը, անկարգությունները, մարդկանց մահվան դեպքերը, ՀԱՊԿ զորքերի մուտքն ու ելքը Ղազախստան, ինչպես նաև իր մերձավորների հեռացումը պաշտոններից։ Նրա ողջ լինելու միակ ապացույցը նրա մամլո քարտուղարի խոսքերն են, ինչպես նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունը, ով իբր հեռախոսով զրուցել է Նազարբաևի հետ։