Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում հանդիպելու է նախագահ Ջորջ Բուշի հետ։ Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով, երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները թերեւս կարող են ընդհատվել Ղազախստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության սահմանափակման՝ եւ այդ սկզբունքներին Միացյալ Նահանգների հանձնառության հետեւանքով։
Այս տարվա մայիսի սկզբներին Ղազախստան այցելելուց առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին Ռուսաստանին քննադատեց ժողովրդավարությունից նահանջելու եւ իր հարեւանների նկատմամբ քաղաքական առավելություն ձեռք բերելու նպատակով վառելանյութերի խնդիրն օգտագործելու մեջ։
Սակայն, դրան հակառակ, պարոն Չեյնին հաջորդ օրը դրվատեց Ղազախստանին, վառելանյութեր մատակարարող մեկ այլ կարեւոր երկրի.
՚՚Ամերիկան անսահման վստահություն ունի ձեր ապագայի նկատմամբ, որպես հաջողակ, անկախ, ինքնիշխան եւ բարգավաճող երկիր։ Ղազախստանը նաեւ կարեւոր դերակատարում ունի Միջին Ասիայում երաշխավորելու բարգավաճում, կայունություն եւ խաղաղություն՚՚։
Սակայն, քննադատները նշում են Ղազախստանի նկատմամբ պարոն Չեյնիի հարգանքի տուրքի՝ եւ այդ երկրի քաղաքական վարքագծի միջեւ հակասությունը, երկիր՝ որը տարածված կարծիքի համաձայն, ժողովրդավարական չէ։ Մարթա Բրիլ Օլքոտը վերլուծաբան է Միջազգային խաղաղության Կարնեգիի հաստատությունում.
՚՚Նրանք հաստատել են ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակող օրենքներ, լրատվական միջոցների մասին նոր օրենքը չափազանց կասկածելի է անկախ լինելու տեսանկյունից։ Նրանց ընտրութունները ժամանակի ընթացքում բարելավվել են, սակայն դեռեւս չեն համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների չափանիշներին՚՚։
Մարթա Օլքոտն ասում է, թե Ղազախստանում քվեարկությունը համեմատաբար արդար է, սակայն ավելացնում է, որ ընդդիմության թեկնածուներին մերժել են լրատվական միջոցներին մատչելիությունը, նրանց ընտրարշավային հավաքները խոչընդոտվել են, իսկ նրանց որոշ անդամների ենթարկել են ծեծի։
Նախագահ Նազարբաեւն անվերապահորեն ընդունում է իր երկրում ժողովրդավարության թերությունները, ասելով, որ իր երկիրը կիրագործի բարեփոխումներ.
՚՚Մենք նոր էջ ենք շրջում մեր երկրի քաղաքական զարգացման մեջ, որը նշանակում է հասարակության ազատականացում։ Դա անելու համար մենք ստեղծում ենք համերկրային հանձնաժողով, որը բաղկացած կլինի մեր երկրի քաղաքական բոլոր ուժերից՚՚։
Ասիլբեկ Կոժակմետովը, ով ՚՚Ղազախստանի կուսակցության ժողովրդավարական ընտրություն՚՚ խմբի անդամներից է, ասում է թե ընդդիմությունը փորձում է փոխել երկրի քաղաքական համակարգը.
՚՚Մենք կցանկանայինք ավելացնել խորհրդարանի իշխանությունը եւ սահմանափակել նախագահինը, կցանկանայինք կայացնել ազատ ընտրություններ, ունենալ լրատվական ազատ միջոցներ, կցանկանայինք կայացնել Ղազախստանի մարզերի կառավարիչների եւ դատավորների ընտրություններ՚՚։
Պարոն Նազարբաեւն ու նրա կառավարության անդամները նաեւ մեղադրվում են կոռուպցիայի մեջ։ Նախագահի անունն առնչվում է Միացյալ Նահանգների դատարաններից մեկի դատական գործին, ուր մեղադրանք է հարուցվել ամերիկացի գործարար Ջեյմս Գիֆենի դեմ, Ղազախստանի ղեկավարին վկայակոչաբար կաշառելու համար, նավթի գնման գործում ամերիկացի հաճախորդների անունից զիջումներ կորզելու նպատակով։
Պարոն Նազարբաեւին նախագահ Բուշի վարչակազմի ջերմորեն ողջունելը հանգեցրել է կեղծավորության մեղադրանքների նախագահ Բուշի դեմ, ով անցյալ ամիս ձեռնարկել է մի նախաձեռնություն աշխարհի երկրների կոռումպացված ղեկավարների դեմ պայքարելու նպատակով։
Մարթա Օլքոտն ասում է, թե կեղծավորության մեղադրանքներն ընդգրկում են 1990-ական թվականները, երբ ետ-Խորհրդային վերնախավը կուտակեց իր հարստությունը.
՚՚Ղազախստանի վերնախավի ըմբռնած բաներից մեկը գումար վերցնելն ու այն թափանցիկ դարձնելն է։ Այսպիսով, սա չափազանց դժվար հարց է։ Եթե ասում ենք, որ ՚՚նախագահ Բուշը չպետք է հանդիպի մարդկանց հետ, ովքեր իրենց գումարը ստեղծել են կոռուպցիայի միջոցով՚՚ , ապա այո, նրանց հանդիպելը կեղծավորություն է։ Սակայն վերջիվերջո, ետ-Խորհրդային երկրներում բոլոր հարստությունները ձեռք են բերվել կոռուպցիայի միջոցով՚՚։
Նախագահ Նազարբաեւն անցյալ տարի ամերիկացի թղթակիցների մեկին ասաց. ՚՚ձեր գործն է, եթե համապատասխանում եմ բռնապետի ձեր սահմանմանը՚՚։
Նա այս մասին իր հայտարարությունն արեց արտգործնախարար Կոնդոլիզա Ռայսի հետ իր մամլո ասուլիսի ժամանակ, երբ Կոնդոլիզա Ռայսը խոսում էր Ղազախստանում ազատ ընտրություններ կայացնելու եւ լրատվական ազատ միջոցներին Ղազախստանի քաղաքական ընդդիմության մատչելիության անհրաժեշտության մասին։