Եգիպտոսում այսօր շարունակվում են պատմական նշանակություն ունեցող նախագահական ընտրությունները, որոնց ընթացքում մրցակցություն է ծավալվել մահմեդական և աշխարհիկ թեկնածուների միջև:
Երկրի կառավարությունը հանգստյան օր է հայտարարել այսօր՝ ընտրություններին մասնակցողների թիվն ավելացնելու համար: Կահիրեում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հայտնել է սակայն, որ Եգիպտոսի մայրաքաղաքում հինգշաբթի օրն ընտրողների մասնակցությունն այնքան ակտիվ չէր, որքան այն եղել է մեկ օր առաջ:
Ընտրությունների ընթացքին հետևող դիտորդները հայտնել են, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից 15 ամիս անց անցկացվող նախագահական ընտրությունների առաջին օրը հիմնականում խաղաղ էր անցել:
Ընտրություններում մասնակցած ընտրողների հարցումները՝ «էքզիթ-փոլերի» արդյունքում որևէ հուսալի տեղեկություններ չեն հաղորդվել: Պարզ է դարձել միայն, որ առաջատար դիրքեր է զբաղեցնում չորս թեկնածու, որոնցից երկուսը ներկայացնում են աշխարհիկ ուժերը, մյուս երկուսը՝ մահմեդական շարժումները:
Ընտրությունների նախնական արդյունքների մասին կհայտարարվի կիրակի օրը:
Նախագահական առաջին փուլում ամենաշատ ձայները ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել հունիսի 16-ից 17-ը, իսկ ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի անունը կհայտարարվի հունիսի 21-ին:
Ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի դեմ դրված կլինի հսկա խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը, քանի որ Եգիպտոսի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում՝ զբոսաշրջության ոլորտում գրանցված կտրուկ անկման, հանցավորության բարձր մակարդակի և չդադարող գործադուլների պատճառով: