ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է լուծել Արևմուտքի և Իրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները բանակցությունների, այլ ոչ թե ռազմական ճանապարհով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հինգշաբթի օրն հայտնել է, որ, Բան Կի-մունի համոզմամբ, դիվանագիտությունն այս խնդիրը կարգավորելու միակ ճանապարհն է:
Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իսրայելի կամ իր գլխավոր դաշնակից՝ Միացյալ Նահանգների կողմից ռազմական ցանկացած հարվածին իր պետությունը կպատասխանի «երկաթե բռնունցքների ուժգին հարվածով»:
Այս հայտարարությամբ Ալի Խամենեին հանդես է եկել Թեհրանում, որի ընթացքում ասել է նաև, որ Իրանը չի պատրաստվում առաջինը սկսել ռազմական գործողությունները:
Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից արված այս հայտարարություններն այս պետության առաջնորդների կողմից մինչ օրս հնչեցված ամենաուժեղ արձագանքն են Իսրայելի ղեկավարության կողմից վերջերս արված այն հայտարարությունների, որոնցում հիշատակվել է Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, հանդես գալով չորեքշաբթի օրը երկրում անցկացված հավաքի ժամանակ, ասել է, որ իր երկիրը մեկ քայլ անգամ հետ չի կանգնելու իր միջուկային ծրագրի իրականացումից:
Հանդես գալով հավաքի ընթացքում՝ Ահմադինեջադը նաև քննադատության է ենթարկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցը, որն այս երկրի իշխանությունները «որևէ նորություն չպարունակող» են անվանել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված զեկույցում ներկայացվել են տեղեկություններ, որոնց համաձայն Թեհրանն իրականացնում է միջուկային զենք մշակելուն ուղղված աշխատանքներ:
Գործակալությունը երեքշաբթի օրը հրապարակած փաստաթղթում նշել է, որ այն «լուրջ մտահոգություններ» ունի Իրանի կողմից միջուկային զենք մշակելու ուղղությամբ կատարվող աշխատանքների, ներառյալ միջուկային զենքի մասերի փորձարկման իրականացման մասին տեղեկությունների վերաբերյալ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը «պատմական սխալ» է անվանել այս զեկույցը:
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալի Ասղար Սոլթանիեն ասել է, թե զեկույցում կրկնվում են հին մեղադրանքները, և որ Իրանն արդեն ապացուցել է դրանց շինծու լինելը: Սոլթանիեն նաև «ոչ հավասարակշռված և քաղաքական դրդապատճառներ ունեցող» է անվանել զեկույցում հրապարակված տեղեկությունները: