Մատչելի հղումներ

Չինաստանը դատապարտել է Իրանի դեմ ուղղված վերջին պատժամիջոցները


Չինաստանը դատապարտել է Արևմուտքի պետություններն Իրանի դեմ վերջերս նոր պատժամիջոցներ նշանակելու համար:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիու Վեյմինը չորեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ նոր պատժամիջոցներն է՛լ ավելի կբարդացնեն իրավիճակը և կնվազեցնեն խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունը:

Այս երկրի իշխանությունների կողմից Արևմուտքի ընդունած միջոցները դատապարտելուց առաջ նման քննադատական հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ երեքշաբթի օրն «անընդունելի և միջազգային իրավունքին չհամապատասխանող» անվանելով Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցները:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը երեքշաբթի օրը «գաղափարախոսություն են և հոգեբանական պատերազմ» է անվանել իր երկրի դեմ ընդունված նոր պատժամիջոցները՝ կանխատեսելով, որ դրանք արդյունավետ չեն լինի, քանի որ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ Իրանի տնտեսական կապերն առանց այն էլ թույլ են:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Կանադան և Մեծ Բրիտանիան երկուշաբթի օրը հայտնել են իրենց կողմից Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների մասին, որոնք ձեռնարկվել են Իրանում միջուկային զենք մշակելու մասին զեկույցից հետո առաջացրած միջազգային հանրության խորացող մտահոգությանն ի պատասխան:

XS
SM
MD
LG