Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի տեսուչները ժամանել են Թեհրան՝ բանակցություններ անցկացնելու նպատակով


ՄԱԿ-ի տեսուչները ժամանել են Թեհրան՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՄԱԿ-ի տեսուչները ժամանել են Թեհրան՝ բանակցություններ անցկացնելու նպատակով

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բարձրաստիճան տեսուչները երկուշաբթի օրը երկօրյա այցով ժամանել են Թեհրան՝ Իրանի վիճահարույց միջուկային ծրագրերի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Այս այցը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնատար անձանց կողմից երեք շաբաթվա ընթացքում Իրան կատարվող արդեն երկրորդ այցն է:

Իրանի պետական ռադիոն երկուշաբթի օրը հաղորդել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը միջուկային ոլորտում գործող Իրանի գիտնականների հետ հանդիպելու, ինչպես նաև Թեհրանի մոտակայքում գտնվող ռազմական բազաներից մեկը, որտեղ գտնվում են նաև սովորական զենքի մշակման հզորությունները, այցելելու մասին հույս է հայտնել:

Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությունը գլխավորած Միջուկային հարցերով գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսի, պատվիրակության հիմնական խնդիրն է՝ «վերլուծել Իրանի միջուկային ծրագրի մարտական կիրառման հնարավորությունները»:

Նեքերթսի համաձայն, Իրանի պաշտոնատար անձանց հետ երկօրյա բանակցությունների արդյունքում պատվիրակությունը ցանկանում է «հստակ արդյունքների հասնել»՝ զգուշացնելով սակայն, որ իրական առաջընթաց գրանցելու համար որոշ ժամանակ կպահանջվի:

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները ցանկանում են, որպեսզի Իրանի իշխանությունները բացատրություն ներկայացնեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջերս հրապարակված զեկույցի արդյունքներին, որոնց համաձայն Իրանն աշխատում է միջուկային զենքի մշակման ուղղությամբ:

Իրանի իշխանությունները սակայն պնդում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի հիմքում կեղծ տեղեկություններ են ընկած:

XS
SM
MD
LG