«Anka» միջին բարձրության և երկար թռիչք կատարելու հնարավորությամբ անօդաչու օդանավը, որլ նախագծման և արտադրվել է Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արդյունաբերության կենտրոնում՝ ավելի քան 150 միլիոն դոլարով, կհայտնվի օդում արդեն ամռանը, ինչպես նշում են արտադրողները:
Այնուամենայնիվ, նույնիսկ «Anka»-ն մշակողները չեն կարող ասել, թե որքան արդյունավետ կլինի դրա օգտագործումը Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ պայքարում, որոնց դեմ գործողությունների իրականացման համար է ստեղծվել անօդաչու այս օդանավը:
«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, օդանավի նախագծման աշխատանքները մեկնարկել էին 2004 թվականին, և ութ տարի անց այն արդեն իսկ, փոփոխական հաջողությամբ, կատարել էր մի շարք փորձնական թռիչքներ:
Թուրքիան գնալով ավելացնում է երկրի հարավ-արևելքում` Իրաքի և Իրանի սահմանի մոտակայքում գտնվող տարածքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում անօդաչու օդանավերի կիրառումը:
Թուրքիան նախկինում անօդաչու օդանավերի ձեռք էր բերում իր դաշնակիցներից, ինչպես, օրինակ, Իսրայելից: Սակայն Իսրայելի հետ հարաբերությունները 2010 թվականի մայիսից խորը ճգնաժամ են ապրում:
Թուրքիան 2009 թվականի սկզբին դիմել էր ԱՄՆ-ին՝ չորս «MQ-1 Predator» և երկու «MQ-9 Reaper» տեսակի հետախուզական օդանավ գնելու համար, սակայն այս դիմումին դրական արձագանք դեռևս չի տրվել: