Մատչելի հղումներ

Թայվանը զգուշացրել է Չինաստանի ռազմական առավելության աճի մասին


Հրթիռի փորձարկում Թայվանում (արխիվային լուսանկար)
Հրթիռի փորձարկում Թայվանում (արխիվային լուսանկար)

Թայվանի իշխանությունները զգուշացրել են, որ գնալով հետ են մնում Չինաստանից՝ վերջինիս կողմից իր ռազմական կարողություններն արագ զարգացնելու հետևանքով։

Թայվանում երեքշաբթի օրը հրապարակված պաշտպանական խնդիրների վերաբերյալ երկամյա պաշտոնական զեկույցում նշվում է, որ Չինաստանն արդեն ունի Թայվանի շուրջ ծովային շրջափակում իրականացնելու և Թայվանի կողմից վերահսկվող առափնյա կղզիները գրավելու հնարավորություն։ Զեկույցում նշվում է, որ գալիք տարիների ընթացքում ուժերի հավասարակշռությունը շարունակելու է խախտվել՝ հօգուտ Չինաստանի։

Թայվանի իշխանությունների կողմից հրապարակված զեկույցը շեշտում է, որ կղզու վրա է ուղղված Չինաստանի ավելի քան 1 000 հրթիռ, իսկ այդ երկրի կողմից անցյալ տարի պաշտոնապես հայտարարված 77 միլիարդ դոլարի ռազմական ծախսերի փոխարեն ռազմական նպատակներով իրականում ծախսել է ավելի քան 200 միլիարդ դոլար։ Որպես համեմատություն, Թայվանի պաշտպանական բյուջեն կազմում է ինը միլիարդ դոլար։

Զեկույցում նշվում է նաև, որ Չինաստանը մեկնարկել է ավիակիրների համար վտանգ ներկայացնող «Dong Feng-21» հրթիռների գործարկումը, ինչը Միացյալ Նահանգների համար ավելի դժվար է դարձնելու կղզու ուղղությամբ Չինստանի հարձակման դեպքում Միացյալ Նահանգների կողմից Թայվանին օգնության տրամադրումը։

Թայվանի իշխանությունների կողմից հրապարակված այս զեկույցը հիմք է տալիս ԱՄՆ-ի Կոնգրեսում Թայվանի աջակիցներին պահանջելու նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից հավանության արժանացնել Թայբեյին «F-16» մակնիշի 66 ռազմաօդանավի վաճառքը։ ԱՄՆ-ի վարչակազմը դեռևս որևէ որոշում չի կայացրել այս պահանջի շուրջ, որը, վարչակազմի համաձայն, կարող է մեծ վնաս հասցնել Չինաստանի հետ ռազմական կապերի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքին։

XS
SM
MD
LG