Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անցկացվել է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույց, որի ընթացքում ցուցարարները սատարել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին:
Ցույցի կազմակերպիչների համաձայն, չորեքշաբթի օրն անցկացված ցույցը նաև նպատակ է հետապնդել շնորհակալություն հայտնել Չինաստանին և Ռուսաստանին՝ Սիրիային աջակցություն ցուցաբերելու համար:
Սիրիայի պետական «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ, ցույցի մասնակիցները դեմ են արտահայտվել օտարերկրյա ցանկացած միջամտության:
Չինաստանը և Ռուսաստանն անցյալ շաբաթ կիրառել են արգելքի՝ վետոյի իրավունքը քաղաքացիական ցուցարարների դեմ Սիրիայում գործադրվող բռնությունները դատապարտելու նպատակ հետապնդող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մշակված բանաձևի նկատմամբ: Երկու պետությունները սակայն հորդորել են Սիրիայի կառավարությանը արագացնել խոստացած բարեփոխումների իրականացումը:
Սիրիայում ցուցարարներն արդեն մի քանի ամիս շարունակ պահանջում են երկրի նախագահ Ասսադի հրաժարականը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործակալության գրասենյակի համաձայն, Սիրիայում ցույցերի սկզբից ի վեր կառավարական ուժերի կողմից ցուցարարների դեմ իրականացվող բռնությունների զոհ է գնացել ավելի քան 2 900 մարդ: