Ռուսաստանի նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին նախատեսում է ներկայացնել վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդություն։
Այս հայտարարությամբ փաստաբան Վադիմ Կլյուվգանտը հանդես է եկել երկուշաբթի օրը՝ հավելելով, որ Խոդորկովսկին բանտում արդեն իսկ անցկացրել է 13 տարվա բանտարկության դատավճռի կեսից ավելին։ Փաստաբանի համաձայն, Խոդորկովսկիի կողմից իր մեղքը չընդունելու հանգամանքը խոչընդոտ չէ վաղաժամկետ-պայմանական ազատման միջնորդություն ներկայացնելու համար։
Մոսկվայի դատարաններից մեկն անցյալ շաբաթ հաստատել է դատավճիռը, որի համաձայն Խոդորկովսկին և նրա գործընկեր Պլատոն Լեբեդևը դատապարտվել են բանտարկության մինչև 2016 թվականը։ Նրանք դատապարտվել են հարկային խարդախությունների և հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքներով: Կրեմլն ավելի ուշ այս մեղադրանքներին ավելացրել է փողերի լվացման և նավթի հափշտակման մեղադրանքներ։
Խոդորկովսկին և նրա կողմնակիցներն ասում են, որ նրա դեմ ներկայացվող բոլոր մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ, քանի որ նա վտանգ է ներկայացրել այժմ վարչապետ` նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի համար։