Ռուսաստանը հերքել է Միխայիլ Խոդորկովսկիի դատավարության վերաբերյալ ԱՄՆ-ի և Եվրոպական պետությունների քննադատությունը:
Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին և իր գործընկեր Պլատոն Լեբեդևը երկուշաբթի օրը մեղավոր են ճանաչվել նավթամթերք յուրացնելու և փողերի լվացման գործունեություն իրականացնելու մեջ, ինչը երկարացնելու է իրենց բանտարկության ժամկետը:
2003 թվականին բանտարկվելուց առաջ Խոդորկովսկին խիստ քննադատության էր ենթարկում Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինին:
ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, իրենց անհանգստացնում են պատշաճ իրավական ընթացակարգի ենթադրյալ խախտումները և այս գործում իրավական համակարգի հնարավոր չարաշահումները: Եվրոպական երկրների պաշտոնատար անձինք իրենց կասկածն են արտահայտել դատավարության անաչառության վերաբերյալ, իսկ Գերմանիայի իշխանությունները դատավարությունը բնութագրել է որպես «մեկ քայլ հետ» Ռուսաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացքում:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը արձագանքնել է Խոդորկովսկիի դատավարության քննադատությանը` ասելով, որ «Մոսկվայի կարծիքով, յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով թե՛ իր երկրում, թե՛ միջազգային ասպարեզում»:
Սպասվում է, որ Խոդորկովսկիի և Լեբեդևի պատժաչափը հայտնի կդառնա, երբ այս գործով դատավորն ավարտի 250-էջանոց դատավճռի ընթերցումը: