Մատչելի հղումներ

Միթ Ռոմինին հաղթանակ է տարել Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում


Միթ Ռոմինին հաղթանակ է տարել Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում
Միթ Ռոմինին հաղթանակ է տարել Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում

Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմինին հաղթանակ է տարել Նյու Հեմփշիր նահանգում անցկացված նախնական ընտրություններում՝ այսպիսով կատարելով նոյեմբեր ամսին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու նշանակվելու ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ:

Ռոմնիի կողմից հավաքված ձայների թիվը գրեթե երկու անգամ գերազանցել է քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Տեխասի նահանգի կոնգրեսական Ռոն Փոլի կողմից հավաքված ձայների թիվը:

Երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսմանը, որին հետևել են ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը և նախկին սենատոր Ռիք Սանտորումը:

Միթ Ռոմնին, որը դարձել է վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում ինչպես Այովա նահանգի ժողովներում, այնպես էլ Նյու Հեմփշիր նահանգում անցկացված նախնական ընտրություններում հաղթանակած հանրապետական առաջին թեկնածուն, հայտնել է իր կողմնակիցներին, որ Նյու Հեմփշիրում «պատմություն է կերտվել»:

Հանրապետական Ռոմինի, բացի դրանից, քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ «ձախողված նախագահ» անվանելով նրան և ասելով, թե ինքը երկիրը տանելու է այլ ուղղությամբ:

Քաղաքական վերլուծաբաններից շատերը կանխատեսել են Ռոմնիի հաղթանակը Նյու Հեմփշիրում, սակայն երկրորդ և երրորդ տեղերի համար մրցապայքարը նույնպես կարևոր է, քանի որ այն կարող է որոշել, թե որ թեկնածուներն են շարունակելու նախընտրական պայքարը:

Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիր նահանգում նախնական քվեարկությունը մեկնարկել էր երեքշաբթի օրը կեսգիշերից հետո Կանադայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Դիքսվիլ Նոթչ փոքր քաղաքում: Այս քաղաքից ստացված տվյալների համաձայն, Մասաչուսեթսի նահանգապետ Միթ Ռոմինին և Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսմանը յուրաքանչուրը ստացել են երկուական ձայն՝ քվեարկողների տված հնարավոր ինը ձայնից:

Ռոմնիի դեմ ուղղված քննադատությունը հիմնականում կենտրոնացած է եղել ներդրումային մասնավոր ընկերությունում Մասաչուսեթսի նահանգապետի աշխատանքային գործունեության վրա, որի ընթացքում վերջինս միլիոնավոր դոլար կազմող գումարներ է վաստակել: Շատերն ասում են, որ Ռոմնիի ներդրումային ընկերությունը, այլ ընկերություններ ձեռք բերելուց հետո, աշխատանքից ազատել է հարյուրավոր մարդկանց՝ միաժամանակ մեծ եկամուտ ապահովելով ներդրողների համար:

Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները փորձում են ապացուցել, թե որքան պահպանողական դիրք են զբաղեցնում իրենք՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համեմատությամբ:

Նախագահ Օբաման, իր հերթին, որևէ ակնհայտ մրցակից չի ունեցել երեքշաբթի օրը դեմոկրատական կուսակցության կողմից անցկացված նախնական քվեարկության ընթացքում:

XS
SM
MD
LG