ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններում թեկնածու դառնալու համար մրցող մնացած հինգ թեկնածուները երկուշաբթի ուշ երեկոյան հանդիպել են Հարավային Կարոլինա նահանգում՝ այս նահանգում կայանալիք նախնական ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ:
Չնայած քննարկումների ընթացքում թեկնածուներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակին՝ ԱՄՆ-ի տնտեսությունից մինչև արտաքին հարաբերություններ, նրանցից մի քանիսն օգտագործել են քննարկումների ընթացքում իրենց տրված խոսքը նախնական ընտրությունների արդյունքներով առաջատար դարձած, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին քննադատելու նպատակով:
Քննարկումների սկզբից ընդամենը մի քանի ժամ առաջ նախընտրական պայքարից դուրս է եկել հանրապետական կուսակցության թեկնածու, Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը: Ընտրապայքարից Հանթսմանի դուրս մնալու պատճառով հանրապետական թեկնածուների թիվը նվազել է մինչև հինգը:
Հանթսմանը, չնայած անցյալում Ռոմնիին ուղղված քննադատության, հայտնել է առաջատար թեկնածուին սատարելու մասին:
Ընտրարշավում մնացած այլ թեկնածուներ՝ Ռիք Սանտորումը, Ռոն Փոլը, Ռիք Փերին և Նյութ Գինգրիչը փորձել են խոչընդոտել Ռոմնիի առաջընթացը՝ Հարավային Կարոլինա նահանգում շաբաթ օրը կայանալիք նախնական ընտրությունների հերթական փուլից առաջ, քանի որ, վերլուծաբանների կարծիքով, շաբաթ օրը նախնական ընտրությունների քվեարկության հերթական փուլում հաղթելու դեպքում հնարավոր է, որ Ռոմնին դառնա նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուն:
Թեկնածուներ Նյութ Գինգրիչն ու Ռիք Փերին Հարվային Կարոլինայում անցկացված քննարկումների ժամանակ հարցականի տակ են դրել Միթ Ռոմնիի՝ որպես գործարարի անցյալը, և կոչ են արել ընտրողների ավելի ուշադիր ուսումնասիրել Ռոմնիի վենչուրային «Բեյն Քեփիթել» («Bain Capital») ընկերության գործունեությունը:
Քննարկումների ընթացքում Նյութ Գինգրիչը պնդել է, որ որոշ դեպքերում Ռոմնիի «Բեյն Քեփիթել» ընկերության կողմից գնված ընկերություններում ձևավորվել են հսկա պարտքեր կամ ընկերությունները որոշ ժամանակ անց սնանկ են ճանաչվել:
«Ռոմինին հնարավորություն ունի պատասխանելու այս հարցերին՝ տրամադրելով այն փաստերն ու տվյալները, որոնք, իմ կարծիքով, մտնում են իր՝ որպես թեկնածուի պատասխանատվության շրջանակի մեջ», - ասել է Գինգրիչը՝ հավելելով. «Կարծում եմ՝ նման հարցերը նախընտրական արշավի անբաժանելի մաս են կազմում. նման հարցեր անհրաժեշտ է բարձրաձայնել և ստուգել, արդյոք մրցակիցները կարող են արդյունավետորեն պատասխանել դրանց, քանի որ նախագահական ընտրարշավի թեկնածու ընտրվելու դեպքում նման հարցեր անխուսափելիորեն կտրվեն»:
Տեխասի նահանգապետ Ռիք Փերին նշել է, որ Հարավային Կարոլինա նահանգում «Բեյն Քեփիթալ» ընկերությունը գնել է մետաղի մի արտադրամաս, և այս գործարքի արդյունքում բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը՝ խնդիր, որը հատկապես կարևորվում է երկրի միջին ցուցանիշից գործազրկության ավելի բարձր մակարդակ ունեցող Հարավային Կարոլինայում:
Բացի դրանից, Տեխասի նահանգապետ Փերին հորդորել է Ռոմնիին հանրության ուշադրությանը ներկայացնել նրա կողմից մուծած եկամտահարկի մասին տվյալները՝ ասելով, որ ինքն արդեն իսկ կատարել է այս քայլը և նշելով, որ Նյութ Գինգրիչի կողմից մուծված եկամտահարկի տվյալները կներկայացվեն այս շաբաթվա վերջ:
«Դուք պետք է ներկայացնեք եկամտահարկի մասին ձեր տվյալները, որպեսզի այս երկրի բնակիչները տեղեկանան, թե ինչպես եք գումար վաստակել»՝ դիմելով Ռոմնիին՝ ասել է Ռիք Փերին:
Ռոմնին, պատասխանելով նման պահանջների, ասել է, որ հարկերի վերաբերյալ տվյալները ներկայացնելու հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, իսկ տվյալները կներկայացնի մի քանի ամսից:
Արձագանքելով «Բեյն Քեփիթալ» ընկերության գործունեության մասին մեկնաբանություններին, Միթ Ռոմին նշել է, որ հպարտ է, որ այս ընկերությունը ներդրումներ է կատարել մոտ 100 ընկերություններում:
«Այն ընկերություններից չորսը, որտեղ մենք ներդրումներ ենք կատարել, չեն եղել իմ կողմից կառավարվող ընկերություններ, սակայն կատարված ներդրումների արդյունքում այսօրվա դրությամբ ստեղծվել է մոտ 120 հազար աշխատատեղ: Եղել են նաև այնպիսի ընկերություններ, որտեղ կատարված ներդրումները հաջողությամբ չեն պսակվել, ինչի պատճառով աշխատատեղեր են փակվել», - ասել է հանրապետական կուսակցության թեկնածու, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին: