ԱՄՆ-ի Այովա նահանգում անցկացված Հանրապետական կուսակցության հավաքի արդյունքներով հաղթող է ճանաչվել Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Միթ Ռոմնին՝ չնչին առավելությամբ առաջ անցնելով Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիք Սանթորումից՝ մի քանի ժամվա ընթացքում հավասար ընթացած պայքարի արդյունքում:
Տեխասի նահանգապետ Ռոն Փոլը 2012 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու ընտրելու այս մրցավազքի ընթացքում զբաղեցրել է երրորդ տեղը:
«Այսօր ուշ երեկոյան անցկացված նախընտրական արշավն այն արշավն է, որի ընթացքում հաղթանակ է տարել Ամերիկան: Մենք փոխելու ենք Սպիտակ տունը և կարգի կբերենք Ամերիկան», - ասել է Միթ Ռոմինին:
Նախընտրական այս պայքարը սակայն հիասթափեցնող արդյունքներ է ունեցել Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի, Մինեսոտայի կոնգրեսական Միշել Բախմանի և ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչի համար, որոնք զգալիորեն հետ են մնացել առաջատարներից և այժմ պետք է գտնեն իրենց ուժերը վերախմբավորելու հնարավորություն:
Այովա նահանգում հավաքներ են անցկացրել նաև դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ՝ հօգուտ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Դեբի Վասերման Շուլցը հայտնել է լրագրողներին, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է երես առ երես հանդիպելու նախագահական ընտրարշավում հանրապետական կուսակցության կողմից ընտրված ցանկացած թեկնածու հետ:
Հանրապետական կուսակցության ընտրարշավի հաջորդ փուլը կանցկացվի Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ Միթ Ռոմինին մեծ ժողովրդականություն է վայելում: