ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Միացյալ Նահանգներ պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին:
Սպասվում է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկելու են Լիբիայում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող առաքելությունը, որի անցկացումը չի սատարել Գերմանիան: Օբաման և Մերքելը քննարկելու են նաև համաշխարհային տնտեսության, եվրոյի գոտում ծավալված պարտքային ճգնաժամի, մերձավորարևելյան խաղաղության գործընթացի և Աֆղանստանի խնդիրները:
Հանդիպման արարողության ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Մերքելն իր «գլոբալ ամենամտերիմ գործընկերներից» է:
Գերմանիայի կանցլերն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան ունեն նույն արժեքները` ժողովրդավարությունն ու ազատությունը, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքները:
ԱՄՆ-ի Առաջին տիկին Միշել Օբաման և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն իր տիկնոջ հետ երեքշաբթի օրը ներկա են եղել արարողությանը:
Նախագահ Օբաման կանցլեր Մերքելի պատիվին պաշտոնական ճաշկերույթ կտա Վարդերի այգում և կշնորհի ԱՄՆ-ի քաղաքացիական պետական բարձրագույն պարգևը` «Ազատության շքանշանը»: