Մատչելի հղումներ

Բաղդադում բազմաթիվ պայթյուններ են որոտացել


Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հիմնականում շիական թաղամասերում որոտացել է առնվազն չորս պայթյուն, որոնց զոհ է գնացել առնվազն 13 մարդ:

Պայթուցիկ նյութերով բեռնված չորս մեքենաների միջոցով իրականացված պայթյունների պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 70 մարդ:

Երկրի իշխանությունների համաձայն, առաջին պայթյունը որոտացել է Բաղդադի Սադր թաղամասում աշխատանք փնտրող մի խումբ մարդկանց կողքին: Նույն թաղամասում որոտացել է նաև երկրորդ պայթյունը:

Եվս երկու պայթյուն իրականացվել է Բաղդադի հյուսիսում՝ Շուլա և Հուրիա թաղամասերում:

Շիաների դեմ վերջին ամսվա ընթացքում իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ:

Իրաքի շիաների կողմից կառավարող ազգային միասնության կառավարությունում այս ընթացքում շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Սունիների կողմից սատարվող հիմնական «Իրաքիա» խմբավորումը մեղադրել է շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքիին իշխանությունը շիաների ձեռքերում կենտրոնացնելու մեջ և բոյկոտել երկրի նախարարների խորհրդի աշխատանքը:

XS
SM
MD
LG