Իրաքի Հադիթա քաղաքում գտնվող հսկիչ երկու կետի վրա երկրի զինված ուժերի համազգեստը կրող զինյալների կողմից երկուշաբթի օրն իրականացվել է հարձակում, որի արդյունքում զոհվել է ոստիկանության առնվազն 27 զինծառայող:
Զոհվածների թվում են ոստիկանության բարձրաստիճան երկու հրամանատար, որոնք առևանգվել են իրենց տներից և գնդակահարվել:
Հարձակվող զինյալների թվում կա առնվազն մեկ զոհ:
Դեռևս հայտնի չէ, թե ով է իրականացրել երկուշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած հարձակումը, սակայն ոստիկանության նախնական վարկածի համաձայն, հարձակման համար պատասխանատվություն է կրում «ալ-Քայիդա»-ն:
Հադիթա քաղաքը, որը 2003 թվականին Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո դարձել է «ալ-Քայիդա»-ի հենակետերից մեկը, շրջափակված է, ոստիկանությունն իրականացնում է հետախուզական աշխատանքներ: