Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ օրը ստորագրել է ԱՄՆ-ի հետ միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագիրը վավերացնող օրենքը։
Մեդվեդևի համաձայն, Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրն ուժի մեջ է մտնելու մի քանի շաբաթից՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետների միջև կայանալիք հանդիպման ընթացքում փաստաթղթերի փոխանակումից հետո։
«ՍՏԱՐՏ» պայմանագրով նախատեսվում է երկու պետություններում 30 տոկոսով կրճատել առկա մարտագլխիկների թիվը, ինչպես նաև սահմանափակել յուրաքանչյուր կողմի մոտ առկա հեռահար նշանառության հրթիռների և ծանր ռմբակոծիչների թիվը։
ԱՄՆ-ի Սենատը «ՍՏԱՐՏ» պայմանագիրը վավերացրել էր անցյալ տարվա դեկտեմբերին, ինչից հետո հունվար ամսին այն հաստատվել էր Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների կողմից։