Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետական Դուման, ուրբաթ օրը նախնական հավանության է արժանացրել ԱՄՆ–ի հետ միջուկային սպառազինությունների կրճատման մասին պատմական պայմանագիրը։
Սպասվում է, որ պայմանագիրը վերջնականապես կվավերացվի հաջորդ տարի։
Ռուսաստանի օրենսդիրները հավանության են արժանացրել Ռազմավարական սպառազինությունների կրճատման («START») պայմանագիրը՝ վավերացման համար անհրաժեշտ երեք ընթերցումներից առաջինում քվեարկելով ձայների 350 կողմ, 58 դեմ հարաբերությամբ։ Մնացած երկու ընթերցումները կայանալու են 2011 թվականի հունվարից ոչ շուտ։
Ռուսաստանի Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտնել է, որ պայմանագրի քննարկումը շարունակվելու է հունվար ամսին, երբ Դուման վերսկսի իր աշխատանքները։
Կոսաչևը նախկինում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «START» պայմանագրի այն տարբերակը, որն այս շաբաթ ընդունվել էր ԱՄՆ–ի Սենատի կողմից, պարունակում է բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն Ռուսաստանի օրենսդիրների կողմից։
ԱՄՆ–ի Սենատը հավանության է արժանացել «START» պայմանագիրը՝ ձայների 71–ը՝ 26–ի հարաբերությամբ։