Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ուրբաթ օրը վերսկսվել են Մուամար Քադաֆիի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Քադաֆիին աջակցող ուժերը պահանջել են, որ ցուցարարները հեռանան փողոցներից և կրակ են բացել նրանց ուղղությամբ։
Ապստամբ ուժերի կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն, իրենց կողմից վերահսկվում է երկրի արևելյան մասը, և հակակառավարական շարժումն ավելի մեծ աջակցություն է ստանում երկրի արևմուտքում։
Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զավիյա քաղաքում հինգշաբթի օրը բռնկված բախումների արդյունքում 23 մարդ է զոհվել։ Մարտեր են ընթանում նաև Միսուրաթա քաղաքում։
Քադաֆին, հինգշաբթի օրը ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, մեղադրել էր իր ընդդիմախոսներին՝ Օսամա բին Լադենի հետ կապեր ունենալու մեջ։