Մատչելի հղումներ

Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել


Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել` «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման և դրա կողմնակիցների ճնշման տակ կոալիցիոն կառավարության փլուզումից հինգ ամիս անց:

«Հեզբոլլահ»-ի կողմից սատարվող վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ նոր կառավարություն ձևավորելու մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի օրը: Նախարարների խորհրդի 30 անդամների մեծ մասը նույնպես կազմում են «Հեզբոլլահ»-ի առաջնորդությամբ գործող դաշինքի անդամները:

Վարչապետ Միքաթին այժմ պետք է նոր կառավարությունը ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:

Լիբանանում կառավարությունը պաշտոնապես չի գործել այս տարվա հունվարի կեսից, երբ փլուզվել էր Արևմուտքին հարող վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը: «Հեզբոլլահ» խմբավորումն ու նրա դաշնակիցները, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 2005 թվականին տեղի ունեցած սպանության գործով ՄԱԿ-ի կողմից իրականացվող հետաքննության շուրջ տարաձայնությունների պատճառով դուրս էին եկել երկրի կոալիցիոն կառավարության կազմից, ինչը կառավարման ճգնաժամ էր առաջացրել երկրում:

Լիբանանի օրենսդիրների մեծամասնությունը վարչապետ ընտրվելու հարցում իրենց ձայնը հունվար ամսին տվել էին «Հեզբոլլահ»-ի կողմից աջակցություն ստացող Նաջիբ Միքաթիին:

XS
SM
MD
LG