ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից համատեղ մշակված նախագիծը վնաս է հասցրել Իրանի միջուկային ծրագրին՝ դադարեցնելով միջուկային ցենտրիֆուգների գրեթե մեկ հինգերորդ մասի աշխատանքը։
«Նյու Յորք Թայմս» օրաթերթում հրապարակված հաշվետվության համաձայն, հետախուզական և ռազմական փորձագետները հայտնել են, թե այս նախագիծը օգնել է դանդաղեցնել միջուկային զենք արտադրելու Իրանի հնարավորությունները։
Հաշվետվության համաձայն, Միացյալ Նահանգների և Իսրայելի մասնագետները երկու տարվա ընթացքում մշակել են «որդ» տեսակի համակարգչային վնասակար ծրագիր, որն օգտագործվել է Իրանի համակարգիչների վրա հարձակում կատարելու համար։
Օրաթերթում հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ Իսրայելը «Stuxnet» համակարգչային վնասակար ծրագիրը փորձարկել է ուրանի հարստացման իր ցենտրիֆուգների վրա, որոնք նման են Իրանում օգտագործվող սարքավորումներին։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը խոչընդոտել են ոչ միայն միջազգային պատժամիջոցները, այլև «տեխնոլոգիական խնդիրները»։ Քլինթընի համաձայն, Իրանի միջուկային ծրագիրը լուրջ մտահոգության առարկա է մնում։