Մատչելի հղումներ

Իրանը գործարկել է երկրի առաջին ատոմակայանը


Շաբաթ օրը Իրանը սկսելու է երկրի հարավում գտնվող Բուշեր քաղաքում տեղակայված առաջին ատոմային էլեկտրակայանը վառելիքով բեռնելու գործընթացը։

Էլեկտրակայանի տեղանքում անցկացված ասուլիսի ժամանակ Իրանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալի Աքբար Սալեհին Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար։

Իրանի «Փրես Թի Վի» գործակալության համաձայն, ատոմային էլեկտրակայանի ռեակտորում վառելիքային 163 ձողի տեղադրման աշխատանքները պետք է ավարտի հասցվեն մինչև սեպտեմբերի 5-ը։ Գործակալության համաձայն, Իրանի պաշտոնյաները նախատեսում են, որ էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը սկսվելու է երկուսից երեք ամսից։

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հավաստիացրել է, որ Թեհրանը չի կարողանալու օգտագործել ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված վառելիքը միջուկային զենք ստեղծելու համար։

Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարին, հաղորդել է, որ Ռուսաստանն իրականացնելու է միջուկային վառելիքի առաքման և դրա մնացորդների վերամշակման աշխատանքները միջուկային զենքի չտարածման պահանջներին համաձայն։ Նախարարի տեղակալը «100 տոկոսով երաշխավորել է», որ վառելիքն օգտագործվելու է խաղաղ նպատակների համար։

XS
SM
MD
LG