Իրանի իշխանություններն ազատ են արձակել գերմանացի լրագրողներին, որոնք ձերբակալվել էին քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կնոջ որդու հետ հարցազրույց անցկացնելուց հետո։
Իրանի և Գերմանիայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ Մարկուս Հելվիգն ու Յենս Կոխը շաբաթ օրը դուրս են եկել բանտից և փոխանցվել Գերմանիայի հյուպատոսությանը։
Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսլամական հեղափոխական դատարանը երկու գերմանացիների բանտարկության 20 ամսվա ժամկետը փոխարինել է յուրաքանչյուրին նշանակված 50 հազարական դոլարի տուգանքով։
Գերմանացիները բանտարկության էին դատապարտվել Իրանի օրենքները խախտելու համար, սակայն բանտարկության ժամկետները կրճատվել են՝ ելնելով «մահմեդական մարդասիրությունից»։
Նշված լրագրողները ձերբակալվել էին անցյալ տարվա հոկտեմբեր ամսին` Իրան զբոսաշրջության մուտքի արտոնագրերով ժամանելու և այստեղ լրագրողական գործունեությամբ զբաղվելու համար համապատասխան հավատարմագրեր չստանալու համար:
«Բիլդ ամ Զոնթագ» գերմանական պարբերականի փոխանցմամբ, նրանք ուղևորվել էին Իրան` ամուսնական հավատարմությունը խախտելու համար քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի գործի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու նպատակով: