Իրանը զգուշացրել է, որ քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված կնոջ գործը լուսաբանելու ընթացքում ձերբակալված գերմանացի երկու լրագրողներին ազատություն շնորհելու նպատակով արտասահմանում անցկացվող արշավները կարող են հանգեցնել բացասական հետևանքների:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը երեքշաբթի օրը հայտնել է, որ գործադրվող ճնշումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, և կոչ է արել Գերմանիային խուսափել այս խնդիրը քաղաքականացնելու փորձերից:
Լրագրողները ձերբակալվել են հոկտեմբեր ամսին` երկիրը զբոսաշրջության մուտքի արտոնագրերով մուտք գործելու և լրագրողական գործունեությամբ զբաղվելու համար համապատասխան հավատարմագիր չստանալու համար:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն և երկրի մոտ 100 ճանաչված գործիչ վերջերս իրենց ստորագրությունն են դրել մի նամակի տակ, որում Իրանին կոչ է արվում ազատել ձերբակալված լրագրողներին:
«Բիլդ ամ Զոնթագ» գերմանական պարբերականի փոխանցմամբ, պարբերականի երկու լրագրող ուղևորվել էին Իրան` ամուսնական հավատարմությունը խախտելու համար քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սաքինեհ Մոհամադի Աշթիանիի գործի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու նպատակով: