Չինաստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի օրը իր համաձայությունն է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին՝ երկու պետությունների միջև ռազմական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ։
Նա սակայն չի երաշխավորել, որ ապագայում հարաբերությունների դադարեցումներ տեղի չեն ունենալու։
Գեյթսը, որն այցելել է Պեկին՝ մեկ տարի առաջ դադարեցրած ռազմական հարաբերությունները վերականգնելու նպատակով, երկուշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ իր և Չինաստանի պաշտպանության նախարար Լյանգ Գուանգլիի միջև ձեռք է բերվել թյուրըմբռնման և սխալ հաշվարկների հավանականության նվազեցմանը նպաստող ռազմական կայուն հարաբերությունների վերականգման վերաբերյալ համաձայնություն։
Գեյթսը նշել է, որ այս հարաբերությունները պետք է լինեն հաստատուն, և դրանց վրա ազդեցություն չպետք է գործեն «քաղաքական քամիների կտրուկ փոփոխությունները»։
Լրագրողների հետ նույն հանդիպման ընթացքում Լյանգը հայտնել է, թե կողմ է ռազմական «կայուն» հարաբերություններին, սակայն չի բացառել հարաբերությունների նոր դադարեցում Թայվանին զենք վաճառելու դեպքում՝ ասելով, որ նման գործողությունները «վնասում են Չինաստանի հետաքրքրությունները»։
Լյանգը հայտնել է նաև, որ Չինաստանի ռազմական ծրագրերը բացարձակապես պաշտպանական բնույթ ունեն և ուղղված չեն որևէ պետության դեմ։