Փարիզում «Մեծ քսանյակի» հանդիպմանը մասնակցող ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախագահ Բեն Բեռնարկեն կոչ է արել Չինաստանին առավել ճկուն դարձնել իր դրամի փոխարժեքը:
Բերնարկեն ասել է նաև, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է նվազեցնել բյուջեի պակասուրդը:
Բեռնարկեն սակայն պաշտպանել է ԱՄՆ-ի տնտեսությունը խթանելու համար ձեռնարկվող վիճահարույց միջոցները, որոնց շրջանակներում, երկարաժամկետ տոկոսադրույքները նվազեցնելու համար, նախատեսվում է իրականացնել ֆինանսական միջոցների հետգնում:
ԱՄՆ-ի կողմից իրականացվող այդ միջոցները քննադատող Բրազիլիայի և այլ պետությունների համաձայն, ԱՄՆ-ի գործողությունները զարգացող պետությունների համար ավելի դժվար են դարձնում ապրանքների արտահանումը համաշխարհային շուկա, քանի որ դրանց հետևանքով իջնում է դոլարի փոխարժեքը` բարձրացնելով այլ պետությունների դրամի արժեքը: Արդյունքում դոլարի ցածր փոխարժեքը գնային առավելություն է տալիս Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքներին:
Այս տարի «Մեծ քսանյակի» հանդիպումները հյուրընկալող Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որ խմբի անդամ պետությունները համաձայնության գան առնվազն տնտեսական անհավասարակշռությունը չափելուն ուղղված եղանակների վերաբերյալ, ինչը հետագայում թույլ կտա շտկել այն:
Որոշ տնտեսագետների համաձայն, վերջին ֆինանսական ճգնաժամը տեղի է ունեցել համաշխարհային առևտրում առկա անհավասարակշռության պատճառով: