Ամերիկյան դոլարի դերը, որպես համաշխարհային փոխանակման միջոց, շուտով կարող է վերանալ։ Պատճառը, ըստ Համաշխարհային բանկի նախագահի, ֆինանսական ճգնաժամն է։ Թեկուզ այն կարող է մնալ որպես տնտեսական կարեւոր գործոն, հավասարակշռությունը ներկայումս շարունակում է խախտվել ի վնաս դոլարի, հօգուտ՝ եւրոյի ու չինական յուանի։
Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ջոնս Հոփքինզի անվան համալսարանում՝ Ռոբերտ Զալիքն ասում է, թե համաշխարհային ֆինանսական համակարգը կատարում է սեյսմիկ փոփոխություններ։
Աստիճանաբար մեծանում է 16 երկրներում շրջանառության մեջ գտնվող եւրոյի եւ չինական յուանի դերը։ Բանկի նախագահը նշում է Չինաստանի բաժնետոմսերի շուկայում արտասահմանյան ընկերությունների ներգրավելու Չինաստանի ջանքերը, ինչի նպատակը կոմունիստական այս երկիրը համաշխարհային ֆինանսական ամենաազդեցիկ պետության վերածելն է։
Չինաստանը, նրա խոսքերով, առեւտրական իր գործընկերներին մեծ արտոնություններ է տալիս այն դեպքում, երբ գործարքը կատարվում է յուանով։ Իսկ սա հավանաբար շուտով նկատելի կդառնա նաեւ համաշխարհային ներդրումների բնագավառում։