Մատչելի հղումներ

Արդյո՞ք իրական վտանգ են Կրեմլի ծրագրերը՝ փոխել Ռուսաստանի միջուկային դոկտրինը


Փորձագետներն անդրադարձել իր միջուկային դոկտրինը «թարմացնելու» Ռուսաստանի ծրագրերին՝ իբր «Ուկրաինայում Արևմուտքի հրահրած սրացման պատճառով»։

Ռուսաստանը մտադիր է փոփոխություններ կատարել միջուկային զենքի կիրառման իր դոկտրինում՝ ի պատասխան ուկրաինական պատերազմում արևմտյան տերութունների գործողությունների՝ այս սեպտեմբերի 1-ին հայտնել են ռուսաստանյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխնարտգործխարար Սերգեյ Ռյաբկովին։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի միջուկային դոկտրինը և ինչպե՞ս այն կարող է փոխվել

Ներկայիս դոկտրինը սահմանվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի հունիսի հրամանագրով։

Կարդում ենք․ «Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման սպառազինության այլ տեսակների կիրառման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում՝ սովորական սպառազինության օգտագործմամբ, երբ վտանգված է պետության [Ռուսաստանի] գոյությունը»։

Քանի որ այս «սպառնալիքը» հստակ սահմանված չէ, Պուտինը փորձեց, այսպես ասենք, քողարկված սպառնալ Արևմուտքին, թե կօգտագործի Ռուսաստանի միջուկային զինանոցը, եթե 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումը հանգեցնի ՆԱՏՕ-ի հետ ցանկացած ուղղակի բախման:

Այս տարվա հունիսին Պուտինը հայտարարեց, թե միջուկային դոկտրինը «կենդանի գործիք» է, որը կարող է փոխվել «կախված համաշխարհային իրադարձություններից»:

Կիրակի Ռյաբկովի հնչեցրած մեկնաբանությունները «մինչ օրս հրապարակված ամենից հստակ հայտարարությունն են, որ, իրոք, փոփոխություններ կկատարվեն [Ռուսաստանի միջուկային դոկտրինում]»,- գրում է Reuters-ը:

«Ինչպես բազմիցս ասել ենք, աշխատանքն առաջ է ընթանում, և կա հստակ կարգադրություն, ինչը պայմանավորված է նաև նախորդ տարիների հակամարտությունների զարգացման ուսումնասիրությամբ, այդ թվում, իհարկե, ամեն ինչ կապված է մեր արևմտյան հակառակորդների՝ լարվածությունը մեծացնող կուրսի հետ, որն էլ առնչվում է հատուկ ռազմական գործողությանը»,- Ռյաբկովի խոսքերը մեջբերում է ռուսական պետական Тасс լրատվական գործակալությունը։

RAND Corporation վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ուիլյամ Քորթնին X հարթակում արձագանքել է․ «Միջուկային զենքը ճոճելը անպատասխանատու է, և դա չի վերացնում այն իրականությունը, որում հայտնվել է Ռուսաստանը՝ ցամաքային երկարատև պատերազմի արդյունքում։ Մի պատերազմ, որը Ռուսաստանը ակնկալում էր արագ ավարտել՝ հաղթանակով»:

Ինչու՞ այժմ Ռուսաստանն որոշեց փոխել իր միջուկային դոկտրինը

Անցյալ ամիս ուկրաինական զինուժը ծանր հարված հասցրեց Ռուսաստանին, նախևառաջ Կրեմլի հեղինակությանը՝ ներխուժելով Կուրսկի մարզ, և նախորդ շուրջ մեկ ամսվա ընթացքում ռուսական ուժերն այդպես էլ չկարողացան հետ մղել ուկրաինացիներին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Կուրսկի հաջող գործողությունը պարզապես ի ցույց դրեց, որ Պուտինի ասած «կարմիր գծերը» միֆ են, որոնց մասին Կրեմլի ղեկավարը բազմիցս խոսել է՝ սպառնալով դրանք հատելու դեպքում կիրառել մարտավարական միջուկային զենք։

Ուկրաինայի առաջնորդը շարունակում է ճնշումը, որպեսզի ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի այլ երկրներ թույլ տան արևմտյան առաջադեմ զենք կիրառել Ռուսաստանի խորքում:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ուիլյամ Քորթնին, ով եղել է ԱՄՆ դեսպանը Վրաստանում և Ղազախստանում, նշել է, թե «բոլորը ընտելացել են այն փաստին, որ Կրեմլի առաջնորդները հիշում են միջուկային զենքի մասին, երբ ուկրաինական մարտադաշտում բախվում են անհաջողությունների»։

Քորթնին հիշեցրեց՝ 2022 թվականի սեպտեմբերին Խարկովի մարզում Ուկրաինայի հաջող հակահարձակումից հետո Պուտինը սկսեց ավել շատ խոսել միջուկային զենքից:

«Բայց ի զարմանս իրեն, մի քանի օր անց Սամարղանդում Սին [Ծինփինն] ու Մոդին անձամբ զգուշացրեցին նրան, որ զերծ մնա միջուկային զենք կիրառելուց», - ավելացրել է Քորթնին։

Ե՞րբ առաջին անգամ առաջացավ Ռուսաստանի միջուկային դոկտրինը փոփելու միտքը

Որոշ աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևը նախորդ տարիներին բազմիցս նման առաջարկով դիմել է Պուտինին։

Միջուկային դոկտրինի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են ավելի քան մեկ տարի, և «այն ակտիվացել է այս տարի այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդես եկավ ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից մերժված գաղափարով՝ արևմտյան զորքեր ուղարկել Ուկրաինա»,- հիշեցնում է Reuters-ը:

Արտաքին քաղաքականության կրեմլամետ փորձագետ Սերգեյ Կարագանովն այն ժամանակ նշեց, թե «Ռուսաստանը պետք է ընդլայնի միջուկային զենքի կիրառման շրջանակը՝ իր հակառակորդներին զսպելու, վախեցնելու և սթափեցնելու համար», և որ «Ուկրաինային ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները կարող են դառնալ հարձակման թիրախ».

Գործնականում ի՞նչ հետևանք կարող են ունենալ փոփոխությունները Ռուսաստանի միջուկային դոկտրինում

Սպառազինությունների վերահսկման բանակցություններում մեծ փորձ ունեցող խորհրդային ու ռուսատանցի նախկին դիվանագետ Նիկոլայ Սոկովը Reuters-ին փոխանցել է, թե «դոկտրինի փոփոխության նպատակը ազդանշան ուղարկելն է Արևմուտքին, որ մի՛ մոռացեք միջուկային զենքի մասին, եղեք շատ զգույշ»:

Այնուամենայնիվ, անգամ Սոկովը, որն այժմ Վիեննայի զինաթափման և չտարածման կենտրոնի ավագ գիտաշխատող է, թերահավատ է, որ Կրեմլը հրապարակավ կհայտարարի այն փոփոխությունների մասին, որոնց վերաբերյալ խոսում էր Կարագանովը:

Մյուս կողմից՝ ռուսաստանյան միջուկային դոկտրինում նման ուղղությամբ որևէ փոփոխությունը կարող է խնդիրներ ստեղծել Կրեմլի հետ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի հարաբերություններում:

Ինչպե՞ս է միջուկային խնդիրը ազդում Ուկրաինայի պատերազմի վրա

«Չնայած Կրեմլի միջուկային հռետորաբանությանը, եվրոպացիները շարունակում են զորեղ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ո՛չ Եվրոպան, ո՛չ Միացյալ Նահանգները չեն վախենում Պուտինի միջուկային սպառնալիքներից, թեև նրանք ձգտում են խելամիտ լինել ռազմական աջակցության հարցում»,- ընդգծում է Ուիլյամ Քորթնին ։

Սոկովի խոսքով՝ սխալ կլինի եզրակացնել, որ Ռուսաստանի միջուկային ազդանշանները դատարկ խոսակցություններ են՝ հավելելով, որ դրանք արդեն իսկ հանգեցրել են Արևմուտքի օգնության դանդաղեցմանը, և Ռուսաստանն կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ Բելառուսում մարտավարական միջուկային հրթիռներ տեղակայելով ու այս տարի վարժանքներ անցկացնելով՝ նման զենքի արձակումը փորձարկելու համար։

Ի՞նչ կարգի փոփոխության կարող է ենթակվել Ռուսաստանի միջուկային դոկտրինը

Կանադայի Քուինսի համալսարանի միջազգային և պաշտպանական քաղաքականության կենտրոնի գիտաշխատող Մաքսիմ Սթարչակը գտնում է, որ այսօր Մոսկվայում թղթի վրա միջուկային դոլտրինի փոփոխությունը ընկալվում է որպես Արևմուտքի նկատմամբ ճնշման քիչ թե շատ գործուն միջոց։

«Միջուկային դոկտրինի փոփոխությունը ուղիղ և հստակ ազդանշան է, որ Ռուսաստանը մտահոգված է Արևմուտքի քաղաքականությամբ և պատրաստ է փոխել իր միջուկային քաղաքականությունը՝ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վրա և ստիպելու նրանց ընդունել Կրեմլի պահանջները։ Բայց Ռուսաստանը կարիք չունի վերսկսել իր միջուկայի հրթիռների փորձարկումը կամ ցուցադրաբար բարձրացնել իր ռազմավարական հրթիռային մարտունակության կարգը։ Այն կլինի թղթային պատասխան»,- ասում է Սթարչակը։

Ինչո՞ւ են ռուսաստանցի պաշտոնյաներն այսօր հայտարարում միջուկային դոկտրինի փոփոխության մասին

Քորթնիի խոսքով՝ Կրեմլի նպատակը Ուկրաինային և Արևմուտքին վախեցնելն է:

«Հակամարտությունը միջուկային մակարդակի հասցնելն այնքան կարևոր որոշում կլինի, որ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, չի շտապի ընդունել այն»,- վստահ է Քորթնին։

Նույն մտքին է Հարվայի Կալիֆոռնիայի պատվավոր պրոֆեսոր, պատերազմական ժամանակ ապատեղեկատվության և քարոզչության մասնագետ Ֆիլիպ Սեյբը․ «Պուտինը չարագործ է, բայց հիմար չէ։ Չի կարելի լրջորեն դիտարկել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը։ Միևնույն ժամանակ, Կրեմլը ցանկանում է կանխել ուկրաինական հետագա ներխուժումները, ինչպես օրինակ տեղի ունեցավ Կուրսկի մարզում և անում է ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները թույլ չտան իրենց զենքն օգտագործել Ռուսաստանի խորքում»:

Դոկտրինը, ըստ Սեյբի, «ընդամենը խոսքեր են, ոչ թե գործողություններ»:

Ինչևէ, Ռյաբկովը չի նշել, թե երբ պատրաստ կլինի նորացված միջուկային դոկտրինը։

«Աշխատանքի ավարտի ժամկետների հարցը բավականին բարդ է, քանի որ խոսքը գնում է մեր ազգային անվտանգության ապահովման ամենակարևոր ասպեկտների մասին»,- պատճառաբանել է նա։

XS
SM
MD
LG