Մատչելի հղումներ

ԵՄ-ը Հնդկաստանից պահանջել է ճնշում գործադրել Իրանի վրա


Եվրոպական Միությունը դիմել է Հնդկաստանին՝ պահանջելով օգտագործել այս պետության ազդեցությունը Իրանի վրա, որպեսզի վերջինս վերսկսի բանակցությունները միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ:

Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյն ուրբաթ օրը Նյու Դելիում անցկացվող ԵՄ-Հնդկաստան գագաթաժողովի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի վերաբերյալ:

Արևմուտքի պետությունները մտավախություն ունեն, որ Իրանն իրականացնում է միջուկային զենք ստեղծելու աշխատանքներ:

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը խուսափել է Եվրամիության կողմից գործողությունների դիմելու կոչին արձագանք տալուց, սակայն ընդունել է, որ Իրանի միջուկային ծրագիրը որոշ «խնդիրներ է առաջացրել»:

Հնդկաստանի իշխանությունները ԵՄ-Հնդկաստան գագաթաժողովի անցկացումից առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ցանկանում են ուսումնասիրել առևտրային այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության կողմից ֆինանսական նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո:

Նյու Դելին հինգշաբթի օրը հայտնել է, թե շուտով առևտրային պատվիրակություն է ուղարկվելու Թեհրան:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ուրբաթ օրն ասել է, որ ԵՄ-ն ու Հնդկաստանը մոտ են ազատ առևտրի մասին պայմանագիր կնքելուն:

XS
SM
MD
LG