Մատչելի հղումներ

Միջուկային հարցերով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչ. «Իրանում դեռ շատ անելիքներ կան»


Միջուկային հարցերով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչ. «Իրանում դեռ շատ անելիքներ կան»
Միջուկային հարցերով ՄԱԿ-ի գլխավոր տեսուչ. «Իրանում դեռ շատ անելիքներ կան»

Միջուկային ոլորտի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գործակալության գլխավոր տեսուչը Իրանում երկրի միջուկային ծրագրի շուրջ անցկացված եռօրյա բանակցություններից հետո հայտնել է, թե այս երկրում «դեռ շատ անելիքներ կան»:

Հերման Նեքերթսը չորեքշաբթի օրն ասել է, որ բանակցությունների երկու կողմերն էլ պարտավորվել են լուծում գտնել «դեռևս չլուծված խնդիրներին», և մոտակա ապագայում տեսուչները ծրագրում են ևս մեկ այցով վերադառնալ Իրան:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության բարձրաստիճան վեց տեսուչներից կազմված թիմը հանդիպում է անցկացրել Իրանի պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկվել են երկրի միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող հարստացման աշխատանքների արդյունքների միջուկային զենք ստեղծելու համար օգտագործման մասին մտահոգությունները:

Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրը նախատեսված է զուտ խաղաղ նպատակների համար:

Երկրի իշխանությունները երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ «կառուցողական» որակավորելով ընթացող բանակցությունները:

Իրանի լրատվամիջոցների վկայությամբ, ՄԱԿ-ի միջուկային հարցերով զբաղվող գործակալության տեսուչները չեն կատարել միջուկային որևէ օբյեկտի այցելություն՝ «քննարկելով միայն տեխնիկական և իրավական հարցեր»:

Այս ընթացքում ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են է՛լ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ՝ հետևելով ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեյվիտ Պետրեուսի կողմից տրամադրված տեղեկատվության, որի համաձայն արդեն իսկ կիրառվող պատժամիջոցներն արդեն իսկ մեծ ազդեցություն են գործում Իրանի վրա:

Միացյալ Նահանգների օրենսդիրները երեքշաբթի օրը ներկայացրել են մի օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Իրանի պետական նավթային և տրանսպորտային ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակել բանկային էլեկտրոնային համակարգ մուտք գործելու Իրանի հնարավորությունը:

XS
SM
MD
LG