Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասել է, որ իր կառավարությունը դեմ չէ Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների անցկացման, սակայն ցանկանում է, որպեսզի Արևմուտքի պետությունները փոխեն իր երկրի նկատմամբ իրենց «ստոր վարքագիծը»:
Ահմադինեջադը հինգշաբթի օրը Իրանի հարավային Քերման նահանգ կատարված իր այցի ընթացքում մեղադրել է Արևմուտքը բանակցություններին խոչընդոտներ ստեղծելու մեջ:
Բացի դրանից, Իրանի նախագահը նվազեցրել է իր կառավարության վրա ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ազդեցությունը՝ ասելով, որ դրանք ավելի մեծ վնաս կհասցնեն Եվրոպական Միությանը, քան Իրանին:
Միացյալ Նահանգներն անմիջական պատասխան չի տվել Իրանի նախագահի մեկնաբանություններին՝ փոխարենն ասելով, որ Թեհրանը պետք է պաշտոնական պատասխան տա միջուկային ծրագրի հետ կապված հստակ խնդիրների վերաբերյալ բանակցությունների անցկացման առաջարկություններ պարունակող նամակին, որը երկրի ղեկավարներին հղել է ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Էշթոնի նամակում ներկայացվել են երկխոսությունը վերսկսվելու հնարավոր չափանիշները:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Եվրոպական Միությունն արգելել է Իրանից նավթի նոր գնումներն ու սառեցրել է այդ երկրի կենտրոնական բանկի ակտիվները:
Նոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումն ընդունվել է երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում:
Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ընդունված որոշման համաձայն, ԵՄ-ի անդամ պետություններին թույլատրվել է մինչև հուլիսի 1-ը կատարել Իրանից նավթ գնելու մասին պայմանագրերը՝ քայլ, որը միտված է օգնելու Իրանից նավթի հիմնական գնորդ հանդիսացող Հունաստանին, Իսպանիային և Իտալիային գտնել նավթամատակարարման այլընտրանքային ուղիներ:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հորդորել են Իրանի առաջնորդներին «անհապաղ դադարեցնել միջուկային վիճահարույց ծրագիրը»՝ ասելով, որ «Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելն անընդունելի է»: