Եվրամիության պետությունների ղեկավարները համաձայնության են եկել մինչև 2013 թվականը ստեղծել պարտքերը մարելուն օժանդակող ծրագիր, սակայն հավանության չեն արժանացրել չափազանց մեծ պարտքեր ունեցող պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրող հիմնադրամին լրացուցիչ գումարներ տրամադրելու առաջարկը:
Եվրամիության ղեկավարներն ուրբաթ օրը հայտնել են, որ օժանդակության նոր մեխանիզմը փոխարինելու է ֆինանսական օժանդակության ներկայիս ժամանակավոր հիմնադրամը, որի գործունեության համար հատկացվել է մեկ տրիլիոն դոլարի չափով գումար:
Ֆինանսական վերլուծաբանները սակայն հայտնել են, թե անհանգստացած են, որ ԵՄ-ը պետությունների կառավարությունների ներկայիս պարտքերի դեմ պայքարելու ուղղությամբ առավել համարձակ քայլեր չի ձեռնարկել:
Բրյուսելում իր աշխատանքն ավարտած ԵՄ-ի ղեկավարների գագաթաժողովն այնուամենայնիվ չի ազդել «Moody’s» կազմակերպության կողմից Իռլանդիայի վարկային վարկանիշը հինգ կետով նվազեցնելու որոշման վրա:
Իռլանդիայի կառավարությունը վերջերս ընդունել է 113 միլիարդ դոլարի չափով միջազգային ֆինանսական օգնությունը, որի միջոցով այն ջանում է կարգավորել պարտքերը: Սակայն ապագայում երկիրը ստիպված է լինելու ավելի մեծ տոկոսադրույք վճարել ֆինանսական գործարքներ իրականացնելու դիմաց: