Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, Կահիրեում քրիստոնյաների և մահմեդականների միջև բախումների պատճառով զոհվել է տասը մարդ:
Դեռևս հայտնի չէ, թե զոհվածներից քանիսն են քրիստոնյա, քանիսը` մահմեդական, սակայն ավելի վաղ տարածված հաղորդագրությունների համաձայն, հրազենային կրակից զոհվել է վեց քրիստոնյա:
Կահիրեում տեղի ունեցած բռնությունների պատճառով վնասվածքներ է ստացել 110 մարդ:
Եգիպտոսի իշխանությունների համաձայն, բախումները սկսվել են, երբ մոտ 1 000 քրիստոնյա հավաքվել են` անցյալ շաբաթ Կահիրեի արվարձանում գտնվող մի եկեղեցի այրելու փաստի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:
Եգիպտոսի ռազմական իշխանությունները երեքշաբթի օրը խոստացել են վերակառուցել եկեղեցին և դատական հետապնդում սկսել հարձակումը կատարած անձանց նկատմամբ:
Քրիստոնյաները, սակայն, բողոքել են, որ զինված ուժերը չեն շտապում ի կատար ածել իրենց խոստումը` չցանկանալով զայրացնել համայնքում ապրող մահմեդականներին: