Մատչելի հղումներ

Կահիրեում շարունակվում են բախումները


Կահիրեում շարունակվում են բախումները
Կահիրեում շարունակվում են բախումները

Եգիպտոսի մայրաքաղաք Քահիրեում արդեն երրորդ օրը շարունակվում են բախումները, որոնց զոհ է արդեն գնացել առնվազն 33 մարդ:

Կահիրեում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հաղորդում է, որ երկուշաբթի օրը բողոքի ցույցերի մասնակիցները շարունակել են վերահսկել քաղաքի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակը, որտեղ ոստիկանության ուժերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Բախումներ են տեղի ունեցել նաև Եգիպտոսի ներքին գործերի նախարարության շենքի մոտակայքում: Եգիպտոսի իշխանությունների համաձայն, նախարարությունն օգնության է դիմել` զայրացած ցուցարարներից պաշտպանվելու նպատակով, որոնք պահանջում են երկրի ռազմական իշխանություններից անհապաղ փոխանցել իշխանությունը քաղաքացիական կառավարության:

Եգիպտոսի ոստիկանությանը և զինծառայողներին կիրակի օրը որոշ ժամանակով հաջողվել էր ցրել ցուցարարներին` կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ: Պաշտոնական տվյալների համաձայն, տեղի ունեցող խռովությունների պատճառով վնասվածքներ է ստացել ավելի քան 1 700 մարդ:

Կահիրեում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը տարածվել են երկրի այլ քաղաքներում, ներառյալ Ալեքսանդրիան և Սուեզը:

Ցույցերի մասնակիցներից շատերը վանկարկել են «Ժողովուրդը ցանկանում է հեռացնել ֆելդմարշալին»` նկատի ունենալու Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի ղեկավար Մոհամեդ Հուսեյն Թանթավիին:

Թանթավիի գլխավորած խորհուրդն իշխանության գլուխ է անցել այս տարվա փետրվար ամսին` երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո:

Ժողովրդավարամետ ակտիվիստները քննադատել են զինված ուժերի խորհուրդը երկրի նոր սահմանադրությունում այնպիսի դրույթներ ներառելու համար, որոնք թույլ կտան քաղաքացիական իշխանության վերահսկողությունից դուրս թողնել զինված ուժերի որոշ գործողություններ: Ակտիվիստները ցանկանում են նաև, որ ռազմական իշխանությունները դադարեցնեն ռազմական դատարաններում քաղաքացիական անձանց դատավարությունների անցկացման պրակտիկան:

XS
SM
MD
LG