Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականներն ու հայ համայնքը հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը


«ԱՄՆ-ի ավելի քան քսան կոնգրեսական ապրիլի 25-ի երեկոյան իրենց ուղերձն են հղել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառման մասնակիցներին»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, որի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Կապիտոլյան բլրի Սենատի մասում գտնվող Քենեդիի պատմական դահլիճում անցկացված միջոցառման ընթացքում ԱՄՆ-ի օրենսդիրները խիստ քննադատության ենթարկեցին Հայոց ցեղասպանության փաստը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից չճանաչելու հանգամանքը՝ կոչ անելով ԱՄՆ-ի Կոնգրեսին ձեռնարկել միջոցառումներ՝ այս հանցագործությունը պատշաճ եղանակով դատապարտելու զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունն այս տարի ևս անցկացվել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Ֆրենք Փալոունի նախագահությամբ՝ ամերիկահայ կազմակերպությունների հետ մեկտեղ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության օժանդակությամբ:

Արարողության ընթացքում իրենց ուղերձով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, որոնք բարձր են գնահատել ԱՄՆ-ի Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա այս արարողությունն ու միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքը:

Արարողության ընթացքում դեսպան Մարգարանը հայտնել է նաև, որ Հայաստանի կառավարության քաղաքացիական բարձրագույն պարգևը՝ Մխիթար Գոշի մեդալը կհանձնվի ԱՄՆ-ի սենատոր Մարք Քըրքը, կոնգրեսականներ Աննա Էշուն և Բրեդ Շերմանը՝ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու և Հայոց ցեղասպանության հարցում արդարություն պահանջելու ուղղությամբ իրենց կողմից կատարված բազմամյա աշխատանքի համար:

XS
SM
MD
LG